fbpx
Հասարակություն

Արվեստի գործիչներն իրենց աջակցությունն են ցուցաբերել հացադուլ հայտարարած կինոռեժիսորին

Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը և երաժիշտ Վահան Արծրունին իրենց մտահոգությունն են հայտնել 12  օր շարունակ հացադուլ իրականացնող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի առողջության վերաբերյալ: Նրանք կարծում են, որ հացադուլի միջոցով  Գալստյանը պայքարում է իր գործով, իր մասնագիտությամբ զբաղվելու համար:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին արվեստագետները նշեցին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Չեմ կարծում, որ գերմանական և բուլղարական կինոարտադրողներն այնպիսի մի գործի  ֆինանսական միջոցներ տրամադրեին, որը հետաքրքիր չէ, անհեռանկարային է: «Տատիկիս վարսերը»-ը ֆիլմն ունի ինչ-որ բան, և դա է  պատճառը, որ պետական կառույցն ի սկզբանե պարտավորվել է աջակցել կինոնկարի ֆինանսավորմանը: Հովհաննես Գալստյանն ի վերջո պայքարում է իր գործով զբաղվելու համար. նա ոչ հյուրանոց  է կառուցում, ոչ ինչ-որ օբյեկտ է բացում, պարզապես ցանկանում է աշխատել: Կան բոլոր նախնական պայմանավորվածությունները, ֆինանսական աջակցությունը, թե ի՞նչն էր պատճառը, որ այսպես եղավ, չգիտենք»,-ասաց Վիգեն Ստեփանյանը:

Նա շեշտեց, որ դեմ չէ հարցի լուծման համար բողոքել, բայց  իրավական դաշտն արվեստագետի ձեռքում չէ, դա այն մարդկանց ձեռքում է, ովքեր պիտի այդ հարցին ընթացք տան: «Ես չեմ կարծում, որ այդքան բարդ ու խճճված խնդիր է, որի լուծման համար տարիներ են պետք, ուղղակի պետք է, որ շահագրգիռ կողմերը հանդիպեն, մի նիստ լինի հանձնախմբի հետ: Հացադուլը լավ հետևանքներ դժվար թե ունենա, ու եթե վատ բան պատահի, Հովհաննես Գալստյանն իր գործն ավարտին չի հասցնի»,-ասաց ռեժիսորը:

Վահան Արծրունու խոսքով` այդ դեպքն ընդհանուր դաշտում առկա խնդիրներից առանձնացնել չի կարելի, որովհետև մշակութային  դաշտում տիրող իրարամերժ հակասությունների արտահայտությունն է և ուղղակի հետևանքը: «Մենք այս պահին դիտարկում ենք վարչարարական ճգնաժամ, այսինքն` ոլորտի պատասխանատուները չեն կարող ղեկավարել դաշտը, ինչի պատճառով ստեղծվում է մի իրավիճակ, երբ արվեստագետը նախընտրում է պայքարի ծայրահեղ մեթոդն օգտագործել իր իրավունքների համար: Սա անթույլատրելի իրավիճակ է որևէ  մշակույթի, որևէ պետության համար և նշանակում է` ոլորտային ղեկավարությունը ոչ միայն չի գիտակցում իր տեղն ու նշանակությունը, այլև հակադրվում է արվեստագետին: Դա բնական չէ: Ոչ մի երկրում նման բան չկա, որովհետև այդ կառույցները կոչված են աջակցելու արվեստագետին, ստեղծելու պայմաններ, որ ազգային մշակույթը զարգանա»,-ընդգծեց երաժիշտը:

Արծրունու համոզմամբ՝  արվեստում առաջինը ստեղծագործողն է, երկրորդը` կատարողն է, երրորդ տեղում է արվեստաբանը, որը մեկնաբանում է ստեղծագործողի ու կատարողի աշխատանքը և չորրորդը միայն չինովնիկն է, որն  ըստ օրենքի պետք է ստեղծի պայմաններ, որ ստեղծագործող մարդն ուսում ստանա, հնարավորություններ ունենա զարգանալու, ներկայացնի նրան, հանրահռչակի ՀՀ-ում և երկրից դուրս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ