Արսեն Ջուլֆալակյանը՝ հոր շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ամենադիտվածներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտարարեց հրաժարականի մասին: Անվանի մարզչի հրաժեշտի ասուլիսին ներկա էին նաև որդիները՝ հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը և այժմ արդեն եղբոր անձնական մարզիչ Արամ Ջուլֆալակյանը:

Ասուլիսից հետո ArmSport.am-ի հետ զրույցում Արսենը խոսեց մարզիչ-հոր հրաժարականից հետո իր մտադրությունների և հավաքականում ստեղծված իրավիճակի շուրջ իր տպավորությունների մասին:

– Ես շարունակում եմ պայքարել Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Ինձ համար ոչինչ չի փոխվել: Իմ նպատակն Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելն է, սակայն արդեն Լևոն Ջուլֆալակյանն ինձ համար կլինի անձնական մարզչի կարգավիճակում:

Ես բացարձակապես կողմ չեմ Միհրանի տարբերակին, ոչ էլ այդ ուղղությամբ եմ շարժվելու: Ես մարզիչներիս և ֆեդերացիայի հետ եմ քննարկելու ամենը, ֆեդերացիայի հետ չհամաձայնեցված որևէ ինքնուրույն քայլ չի լինելու: Կփորձենք ընդհանուր եզրեր գտնել մարզումները կազմակերպելու և նման ձևով պատրաստվելու համար: Ժամանակը ցույց կտա, թե դա ինչ ձևաչափով կլինի, սակայն մարզչական ներկայիս կազմով ես պարզապես անիմաստ եմ համարում իմ մարզումները: Եթե Լևոն Ջուլֆալակյանը չի լինելու և այս կազմն է մնալու հավաքականում, ես պարզապես ժամանակ եմ կորցնելու: Իմ անելիքները լինելու են համակարգված և ֆեդերացիայի հետ համաձայնեցված: Այս բնագավառում իմ վերադասը ֆեդերացիան է, որի հետ որևէ անհամաձայնեցված քայլ չի լինելու:

ArmSport-ի այն հարցին, թե արդյոք մարզիկը փորձե՞լ է ոչ թե իբրև Ջուլֆալակյանի որդի, այլ որպես թիմակից ու երկար տարիների ընկեր՝ զրուցել հավաքականի ըմբիշների հետ, փորձել հասկանալ ստեղծված իրավիճակը, Արսենը նշեց.

– Ես իմ ամբողջ կարիերայի ընթացքում երբևէ թիմում ինձ չեմ պահել որպես Լևոն Ջուլֆալակյանի որդի: Դժվար կլինի հիշել մի ակնթարթ, երբ նման բան տեղի ունեցած լինի: Վերջին անգամ դա հավանաբար 8 տարեկանում է եղել, ինչի համար էլ անձնական մարզիչս խիստ դիտողություն է արել: Դա ինձ շատ լուրջ դաս է եղել: Հավաքականում՝ պատանիներից սկսած՝ մեծահասակներով վերջացրած, իմ հարաբերությունները միշտ ընկերական են բոլորի հետ: Միշտ եղել եմ նրանց ավագ ընկերը և բոլոր հարցերում՝ անկախ բնագավառից, փորձել եմ օգտակար լինել, օգնել՝ տարրական ֆինանսական հարցերից սկսած՝ մարզականով վերջացրած: Հավաքականում չի եղել մարզիկ, որի հետ երբևէ լուրջ կոնֆլիկտ ունեցած լինեմ: Բնականաբար, թյուրըմբռումներ լինում են: Հիմա այս ամենն ինձ համար շատ ցավալի է: Ինչպե՞ս մարդիկ, որոնց միայն լավություն ես արել, որոնք ներկայացել են քեզ ընկերներ, առնվազն որպես թիմակիցներ, կարող են թիմում, այս դեպքում, նախ քո հայրիկի, ապա գլխավոր մարզչի դեմ ինտրիգներ, դավադրություններ կազմակերպել, փորձել նրան թելադրել: Թե վերոնշյալ անձն էր օտար երկրից հայտարարություններ անուն: Այդ ամենը կուտակվում է, և Լևոն Ջուլֆալակյանի նման մասնագետը չի կարող այդ ամենը հանգիստ ընդունել և համակերպվել:

Այստեղ հարց հնչեց, որ միգուցե ֆեդերացիան կամ այլ կառույցներ չակերտավոր ուժ կիրառեին և հանդարտեցնեին:

Այո, դա հնարավոր էր, բայց երբ մարզիչը հասկանում է, որ իր մարզիկներն այլ կերպ են տեսնում մարզումային և մյուս գործընթացները, որքանո՞վ է նպատակահարմար, որ աշխատանքը շարունակվի: Կրկնում եմ՝ ինձ համար ցավոտ է այն, որ չկա մի մարզիկ, որն իր այս քայլին կկարողանա պատասխան տալ, բացատրել՝ ինչու արեց: Որոշներն արդեն առանձին մոտեցել և ներողություն են խնդրել, բայց փաստը մնաց փաստ, որ մարդիկ սխալ պահվածք դրսևորեցին, որն ինձ համար՝ որպես հավաքականի անդամ, շատ ցավոտ է: Ես՝ որպես հավաքականի անդամ, չէի ցանկանում տեսնել, որ սկսնակներ, մարդիկ, որոնք իրենց կյանքում դեռ ոչնչի չեն հասել, երազել են հայտնվել մեծահասակների հավաքականում և այսօր փորձում են բոյկոտել մարզում կամ մրցում մի մարդու դեմ, որը 20 տարի 0-ից թիմ է պատրաստել:

Ուրիշ երկնրերում նման մարզիկները պարզապես կորակազրկվեին շատ արագ՝ անկախ տիտղոսներից. Ես սա չեմ ենթադրում, փորձով եմ ասում: Չեմ պատկերացնում, որ այլ ազգային հավաքականներում մարզիկը փորձի պայման թելադրել մարզչին: Երկու տարբերակ կա՝ կա՛մ հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական կտա, կա՛մ մարզիկը կորակազրկվի:

Ամենաթարմ