Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ճանաչողական այցով գտնվում է Շվեդիայում:
Այցը նպատակ ունի ամրապնդելու տարիների համագործակցությունը, զարգացնելու երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում:
Պատվիրակությունը Շվեդիայում ունենալու է տարբեր հանդիպումներ Յոնկոպինգ նահանգի ղեկավարության, ինչպես նաև առողջապահության համակարգի ղեկավար կազմի հետ: Այցի ընթացքում շվեդական կողմը կներկայացնի առողջապահության ոլորտը, բարեփոխումները և ծրագրերը:
Նշենք, որ շվեդական կողմը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններին ու մասնագետներին փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության քաղաքականության տարբեր փաստաթղթեր ուսումնասիրելիս մասնագիտական կարծիքի տրամադրման ուղղությամբ` օգտագործելով Եվրոպայի ու մասնավորապես` Շվեդիայի փորձը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։