Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փըլոնին: Վերջիններս խոսել են Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները։
Արսեն Թորոսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանկ Փըլոնին տարիներ շարունակ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար, ապա անցնելով բուն թեմային` նշել է, որ ցանկալի է տարբեր ուղղություններով համատեղ նոր ծրագրեր մշակել, կազմակերպել և իրականացնել ուսումնական այցեր և փոխանակման ծրագրեր:
Հայաստանի ընդհանուր առողջապահական համակարգն ու առաջնային օղակի ծառայությունները ներկայացնելուց հետո` կողմերը համեմատություններ են անցկացրել` տեսնելու 2 երկրի առողջապահական համակարգերի տարբերությունները` սկսած կառուցվածքից մինչև բժշկական ապահովագրություն:
«Ներկայումս Հայաստանում համապարփակ ապահովագրության համակարգ է ներդրվելու, որը նախատեսվում է իրականացնել միասնական մեկ պետական գնորդի սկզբունքով»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Կողմերը համեմատել են նաև 2 երկրի բուժքույրական ծառայությունները:
Կարևորվել է նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ցուցաբերած աջակցությունը՝ ուղղված առողջության առաջնային օղակի հզորացմանն ու առողջապահության ֆինանսավորմանը։
Նախարարը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանը տարբեր խնդիրների է բախվել` երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմ, սակայն հիմա երկիրը ձգտում է առողջապահությունը դարձնել առաջնահերթություններից մեկը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։