ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։
Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ, նշել, որ տպավորված է բարձր տեխնոլոգիական ոլորտում Ռումինիայի ունեցած զարգացումներով։ Նախարարն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև գործակցության մեծ հնարավորություններն ակնհայտ են, և հայկական կողմը բաց է և պատրաստակամ համագործակցության համար։
Դեսպան Կորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել է Ռումինիայում հայկական համայնքի դերին, նշել, որ չնայած համեմատաբար փոքր թվաքանակին՝ այն բավական մեծ գործունեություն ունի Ռումինիայի քաղաքական, գիտական ու մշակութային կյանքում, և բոլոր ժամանակներում ռումինական իշխանությունները գնահատել և կարևոր նշանակություն են տվել այնտեղ ապրող հայերին։ Դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ Ռումինիայում գործում է հայագիտական ինստիտուտ, Բուխարեստի կենտրոնում հայկական փողոց ու եկեղեցի կա։
Դեսպանը նշել է նաև, որ Ռումինիայում մեծ տեղ ու նշանակություն է տրվում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, և այս ուղղությամբ կարող են համագործակցության արդյունավետ հեռանկարներ լինել։
Հակոբ Արշակյանը համառոտ ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն ծրագրերը, որտեղ կան համագործակցության հնարավորություններ։ Մասնավորապես՝ անդրադարձել է տեխնոլոգիական ցուցահանդեսներում երկու երկրների ընկերությունների մասնակցության կարևորությանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական կարևոր ցուցահանդեսներից են «Digitec EXPO»-ն և «ArmHighTech EXPO»-ն, ներկայացրել է դրանց առանձնահատկությունները, և հույս հայտնել, որ առաջիկայում իրենց տաղավարով դրանցում մասնակցություն կունենան նաև ռումինական ընկերությունները։
Դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ անչափ կարևորում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացումն ու համագործակցության խորացումը։ Նա ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության խորացման կարևորությունը, նշել, որ համագործակցության առաջարկները կներկայացնի հնարավոր բոլոր գործընկերներին, շահագրգիռ կողմերին և իր լիազորությունների շրջանակներում կնպաստի՝ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլոտում հասնելու դրական արդյունքների։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։