Սեպտեմբերի 10-ին Արթիկի համայնքապետարանից տեղեկացրել են, որ Արթիկ համայնքում 2021 թվականի համար հաստատված 4 համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրից ևս մեկի աշխատանքները մեկնարկել են:
«Ասֆալտապատվում է Արթիկի Տուֆագործների 1-ին նրբանցքի՝ 280մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհահատվածը:
Արթիկի համար կենսական նշանակության այս ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 29 մլն 333 հազար ՀՀ դրամ է, որի 60 տոկոսը համայնքի ներդրումն է, իսկ 40 տոկոսը տրամադրել է պետությունը:
- Հափշտակվել է շուրջ 42 մլն դրամ․ կոռուպցիոն հանցագործություններ Շիրակում
- Արթիկում բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոց է սալիկապատվում
Այս ծրագրով կապահովվի Արթիկի Տուֆ թաղամասի հարավային հատվածի գրեթե 400 բնակչի արագ և անվտանգ տեղաշարժը դեպի կենտրոն: Տեղանքի թեքությամբ պայմանավորված՝ դժվարանցանելի նրբանցքը ձմռան ամիսներին դառնում էր անանցանելի:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն: Այժմ տեղում ընթանում են հողային հարթեցման աշխատանքներ:
Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում առաջիկայում կասֆալտապատվի նաև համայնքի Պռոշյան փողոցը և Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքը»,- նշված է հաղորդագրության մեջ: