Օգոստոսի 11-ին Կոտայքի մարզպետարանը հայտնել է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Առինջ համայնք և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև՝ համայնքի միջոցներով իրականացվող ամենատարբեր աշխատանքներին:
«2020 թվականի սուբվենցիայով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ (45%-55%) իրականացվող ծրագրի շրջանակում ավարտվել են Առինջի ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է շուրջ 4,3 կմ երկարության ճանապարհահատված: Նշված հատվածում այս պահին կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթանում են արտաքին լուսավորության ցանցի վերազինման աշխատանքներ:
Նույնքան ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատում էլ կիրականացվի ընթացիկ տարում՝ կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Դիտարկվել են կատարված աշխատանքները, քննարկվել նաև ընթացիկ ծրագրերը, որից հետո մարզպետը շրջել է Առինջ համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 26 մլն դրամ) համայնքապետարանի հարակից տարածքում կառուցվող զբոսայգու տարածքում:
- Ավարտվում է Պարզ լիճ տանող ճանապարհի ասֆալտապատումը․ նախարար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
- Ծովազարդ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն Զորավար Անդրանիկ փողոցում
Համայնքի ղեկավարի ներկայացմամբ, ծրագրի շրջանակում կառուցվում են ճեմուղիներ, տաղավար, տեղադրվում են նստարաններ: Զբոսայգու տարածքում կառուցվելու է նաև արցախյան վերջին պատերազմում զոհված 9 առինջեցիներին նվիրված հուշարձան:
Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսին:
Առինջ համայնքում մարզպետն այցելել է նաև Հայաստանի «Champions» կարատեի ակումբ:
WKF Karate Federation-ի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը ներկայացրել է ակումբի գործունեությունը՝ նշելով, որ մարզաձևը օլիմպիական է: Ակումբը պատրաստվում է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
Մարզպետ Ահարոն Սահակյանը խոստացել է իր լիազորությունների շրջանակում աջակցել և նպաստել, որպեսզի զարգացող այս սպորտաձևին հաճախող սաներն ունենան մարզվելու առավելագույն պայմանները՝ դիտարկելով դրա հնարավորությունը ոչ միայն Առինջում, այլ նաև Գառնի համայնքում՝ մարզական հավաքների կազմակերպման հնարավորության կոնտեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ: