Արցախի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության օրվա առթիվ․
«Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի իմ ծառայակից ընկերներ և վետերաններ. Սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում մենք այսօր ունենք լրջագույն կորուստներ և բազմապիսի խնդիրներ ու դժվարություններ: Այդ համատեքստում հասկանալի է, որ այս տարի չենք կարող նախորդ տարիների նման ընդգծել օրվա խորհուրդն ու նշանակությունը: Մեր ժողովրդի առջև այժմ ծառացել են շատ ու շատ խնդիրներ, որոնք արագ և հրատապ կարգով լուծման կարիք ունեն: Այժմ էլ թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը պահպանվում է: Արտաքին մարտահրավերներն ու հայ ժողովրդի գոյությունը կասկածի տակ դնող վտանգները չեզոքացված չեն:
Հարգելի գործընկերներ, այս ճգնաժամային ու հետպատերազմական շրջանում բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության, ուժերի վերականգնման ու ծաղկման, տնտեսության և ռազմուժի հզորացման, համազգային միասնությունը վերագտնելու գործին: Մենք պարտավոր ենք լավագույնս կատարել մեր գործառույթն ու պարտականությունները: Այդ կլինի մեր հարգանքի տուրքը զոհված մեր եղբայրներին, ընկերներին ու հարազատներին, մեր պարտքը տալու մի յուրօրինակ ու համարժեք ձև: Մենք մեծ վիշտ ենք ապրում, խոնարհվում ենք պատերազմի օրերին հերոսի մահով ընկած մեր 11 գործընկերների առաջ, աղոթում ենք 3 տասնյակից ավել վիրավոր գործընկերների շուտափույթ ապաքինման ու առողջացման համար, հույսով, որ օր առաջ կվերադառնան մեր շարքերը: Բայց, ինչպես Մովսես Գորգիսյանը կասեր. «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Մենք հանուն մեր ընկերների ու մեր երեխաների ապագայի այսօրվանից պետք է բռնենք պայքարի ճանապարհը, սխալներից դաս քաղելու և ապագան նորովի կերտելու ուղին: Մեր սրտերում վառ պահելով մարտերում ընկած քաջորդիների հիշատակը, այսօր մեր ողջ ուժը դնենք հայրենիքը փրկելու և շենացնելու նվիրական գործին: Համոզված եմ, որ մեր համազգային իղձերի իրականացման գործում իր նշանակալի ավանդն ու դերն է ունենալու նաև ոստիկանը:
ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ: Ձեզ մաղթում եմ ոգու կորով, անկոտրում կամք, վճռականություն և ամենայն բարիք:
Ամենակալ Տերը պահապան մեզ և հայ ժողովրդին»:
https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/1249102905456251?__cft__%5B0%5D=AZUvGkocNLRzP0INO_OPO-EQCoXc2CCjGCSOllh0Q3R8JHCRmYQkiGMS9pLRF0rcX8IZWNJWXRRV1wi2GQGtfu96oTk36eVdzwtijgSjHBhXDWWQvkXDdfHEep9ILDrnJEGkRJeGB1yEQT8iq6niCM7l&__tn__=%2CO%2CP-R