fbpx
Առողջապահություն

Ավանեսյանը անդրադարձել է Աստրազենեկայի հավաստագիրը ԵՄ-ի կողմից չընդունվելու լուրերին

Այսօրվա Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ասաց, որ կեղծ լուրեր են տարածվում, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ օգտագործվող «Աստրազենեկա» պատվաստանյութի հավաստագիրը ԵՄ որոշ երկրների կողմից չի ընդունվում։

«Չգիտեմ՝ ինչ ենթադրություններից ելնելով՝ այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «Աստրազենեկա», որն ընդունելի է, կա ինչ-որ մեկը, որն ընդունելի չէ։ Ես խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Հայաստանում օգտագործվում է «Աստրազենեկա» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար։ Մեր երկրում այժմ օգտագործվում է ԵՄ տարածքում արտադրված «Աստրազենեկա» պատվաստանյութը,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով՝ աշխարհի երկրների միջև այս պահին ընթանում է միմյանց հավելվածների փոխճանաչման գործընթաց։

Երեկ լրագրող Մարկ Գրիգորյանը ահազանգել էր՝ Հայաստանում «Աստրազենեկա»-ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։ Ավանեսյանը, անդրադառնալով այս խնդրին, ասաց՝ այստեղ չի կարելի շեշտել, որ ԵՄ-ն չի ընդունել «Աստրազենեկայի» պատվաստումը. Պետք է գրագետ ձևակերպել խնդիրը. վերջերս Եվրամիությունը որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումները ընդունելի տարբերակ կդառնան Եվրամիության երկրների մուտքի համար: Դրանից հետո Եվրամիության ամեն մի երկիր սկսել է տեխնիկական հատվածը՝ ճանաչելու մեր սերտիֆիկատների ֆորմատները: Բոլոր երկրներն էլ սկսել են հավելվածների միջոցով փոխճանաչման գործընթացը, որը ընթացքի մեջ է: Հայաստանը որևէ բան չի ուշացնում, դա գործընթաց է, որը բոլոր երկրներն անցնում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ