Շտաբը գլխավորում եմ ես, մենք քարոզչությունը նախատեսել ենք իրականացնել մի քանի շերտով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։
«Երեք լոգոները մենք հրապարակելու ենք, և դա լինելու է հանրության սեփականությունը, հանրությունն այն կարող է օգտագործել»,-նշեց նա։
Պապիկյանը տեղեկացրեց, որ քարոզարշավ կիրականացնեն մարտի 2-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ:
«Ես այժմ գտնվում եմ արձակուրդում, որպեսզի աշխատանքը չտուժի ես կգնամ Վրաստան, ապա կվերադառնամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կմասնակցի քարոզարշավին և անհրաժեշտ օրերին կլինի արձակուրդում»,-նշեց Պապիկյանը:
Անդրադառնալով դրամահավաքին՝ նա ասաց, որ այն կուսակցության ընթացիկ կարիքների համար է, «Այո»-ի քարոզչության համար։
«Մենք հյուրերին հրավիրելիս նշել ենք, որ կանխիկ գումարը մուտքագրվել է մեր նախընտրական հաշվեհամարին, հիմնադրամին: Թե՛ իրավական, թե՛ բարոյական որևէ խնդիր չկա»,-ասաց բանախոսը:
Մեկնաբանելով ՔՊ-ի՝ նախորդ և ներկայիս դրամահավաքների ընթացքում հավաքված գումարների զգալի տարբերությանը, Սուրեն Պապիկյանը նշեց, որ երեկվա մեծ գումարի հավաքագրմանը զգալի նպաստել է իրենց նկատմամբ հանրային վստահությունը:
Հարցին, թե ինչպես են պատրաստվում քաղաքացիներին համոզել իրենց 650 հազար ձայն տալ, Պապիկյանն ասաց, որ դա իրենց համար կենաց-մահու պայքար չէ, և ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչ է ուզում:
Նա միայն կոչ արեց ակտիվորեն մասնակցել հանրաքվեին: