«Այս մեր գործողությունից հետո բոլոր մարմինները, մարդիկ իրենց խոսքերի վրա ուշադիր կլինեն: Մենք փորձեցինք ցույց տալ, թե մեր երկրում սոցցանցերում ինչ բնույթի լեզու է իրականացվում»,- այս մասին ասել է ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով Նարեկ Մալյանի հետ միջադեպին:
Նրա խոսքերով՝ Նարեկ Մալյանին աղբամանը նետելը նպատակ ուներ ուշադրություն գրավել: Դավիթ Պետրոսյանի խոսքերով՝ Նարեկ Մալյանի կողմից բազմաթիվ անգամ հայհոյանքներ են հնչել իր և իր ընկերների հասցեին, իսկ զրպարտությունը մեր երկրում քրեականացված չէ, և այդ առումով կան իրավական բացեր.
«Առաջանում է բաց, և մարդիկ իրենց ստոր պահվածք են թույլ տալիս: Ով մեզ ասում է ՝ դիմեք դատարան, պետք է ասեմ, որ ապրիլի 25 -ին ես ու ընկերս հիվանդանոցից դուրս եկանք, և մեզ վրա հարձակվեցին, այդ գործը մինչև հիմա դատարանում է: Սա միայն «Ռեստարտ»-ի խնդիրը չէ»:
Դավիթ Պետրոսյանը նշել է, որ չի փոշմանել և նույնը կրկին կաներ:

