fbpx
Իրավական

Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը։ ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,-սրանք ՀՀ Սահմանադրության առաջին տողերն են։

Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

ՀՀ Սահմանադրությունը հետագայում երկու անգամ ենթարկվեց փոփոխության հանրաքվեների միջոցով։ Նախ 2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։ 2005թ. կատարված փոփոխությունները վերաբերում էին հանրապետության կառավարման կարգին, իշխանությունների բաժանմանը: Ի տարբերություն 1995թ. Սահմանադրությանը՝ նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, ընդլայնվեց Ազգային ժողովի դերը: Նոր փոփոխություններով նախագահը կարող էր վարչապետ նշանակել միայն Ազգային ժողովի խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։ Վերացվեց նախագահի բացառիկ՝ Ազգային ժողովն արձակելու հնարավորությունը՝ սահմանելով կոնկրետ դեպքեր: Փոփոխություններ եղան նաև դատական համակարգի կազմակերպման ոլորտում։

Սահմանադրության հաջորդ փոփոխությունը տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացրած սահմանադրական հանրաքվեի միջոցով։ Ըստ նոր սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը նախագահականից անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձեւավորվում է վարչապետի կողմից եւ պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջեւ:

Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը պետք է հետեւի օրենսդրի եւ գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը՝ հանդիսանալով Սահմանդարության երաշխավոր։

Ելնելով երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից և խմորումներից, այս փոփոխությունները ոչ միանշանակ ընդունվեցին հայ հասարակության մի զգալի մասի և քաղաքական որոշ ուժերի կողմից։ Այսօր էլ, փոփոխություններից 4 տարի անց, հանրության մի զգալի մասը, քաղաքական և կուսակցական տարբեր գործիչներ, հասարակական միավորումներ գտնում են, որ այս Սահմանադրությունը ենթակա է վերանայման և փոփոխությունների։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ