fbpx
Հասարակություն

Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է

Սուրբ Սարգսի օրը Հայաստանի Հանրապետությունում ազգային տոն է, որն ամեն տարի նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի և տասնչորս քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Արիության համար Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից Սուրբ Սարգիսը կարգվել է որպես իշխան և սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր համաձայնությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդել է հեթանոսական մեհյանները, կառուցել եկեղեցիներ և տարածել քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սուրբ Սարգիսը Աստծո հայտնությամբ հրաման է ստացել լքել կայսրությունը: Իր որդու՝ Մարտիրոսի հետ նա ապաստանում է Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արգան՝ Մեծն Տրդատի թոռը՝ Պոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով զերծ պահել իր երկիրը հարձակման վտանգից, համոզում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:

Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զինվորներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու նվիրումն առ Աստված, հրաժարվում են հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակն ու զոհ մատուցել: Սարգիսը կտրականապես մերժում է՝ հայտարարելով. «Պետք է երկրպագել միայն մեկ Աստծուն՝ Սուրբ Երրորդությանը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերն աստվածներ չեն, քանի որ հողեղեն մարդը կարող է ոչնչացնել դրանք»: Այդ խոսքերից հետո Սուրբ Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սուրբ Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը: Սուրբ Սարգիսը բանտարկվում է և հավատարիմ մնալով իր հավատքին՝ գլխատվում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս.Սարգսի հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալ մարդիկ նահատակների մարմինները թաղում են Համիան քաղաքում:

Սուրբ Սարգիսը հայերի ամենասիրելի սրբերից է: Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը տեղափոխել է նրա մասունքները Կարբի-Ուշի (Աշտարակի շրջան), որտեղ հետագայում կառուցվել է նրա անունը կրող եկեղեցի:

Հայաստանում Սուրբ Սարգիս զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով: Գոյություն ունեն նաև բարի ավանդույթ դարձած ժողովրդական սովորույթներ: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ տեղի են ունենում հրաշքներ: Այդ օրը երիտասարդներն աղոթում են և դիմում սրբին, որ իրենց աղոթքները հասնեն առ Աստված:

Ս.Սարգսի տոնին նախորդում է Առաջավոր պահքը, որը հաստատվել է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից: Պահքը տևում է հինգ օր:

Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն ուտում են աղի բլիթ, որից հետո ոչինչ չեն ուտում և չեն խմում, և սպասում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվան վերաբերում է ևս մեկ սովորույթ. փոխինդով սկուտեղը դնել տանիքին կամ պատշգամբին, և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Ս.Սարգիսը պետք է անցնի տների մոտ հրեշտակների ուղեկցությամբ: Եվ եթե փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը (մաքրության և անաղարտության խորհրդանիշը), ապա այդ տարի կիրականա սիրահարված երիտասարդի երազանքը:

Այսօր երիտասարդները միմյանց նվիրում են բացկիներ, ծաղիկներ և քաղցրավենիք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ