«Այսօրվանից Երևանի կենտրոն մտնող բեռնատարների վերաբերյալ նոր սահմանափակումներն են ուժի մեջ մտնում: Կենտրոնի բեռնաթափման համընդհանուր ծրագրի մի կարևոր հատված է այս ծրագիրը»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ծրագրի մանրամասները ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
«Սահմանափակումը գործելու է 2.5 տոննա ընդհանուր քաշով բեռնատարների համար, որը ենթադրում է տրանսպորտի քաշը և առավելագույն զանգվածը, որ կարող է տեղափոխել տվյալ տրանսպորտային միջոցը: Սահմանափակումը գործելու է առավոտյան ժամը 7-ից մինչև 21:00-ը, այսինքն՝ բեռնատարները կարողանալու են մուտք գործել երեկոյան 9-ից մինչև առավոտ 7-ը ընկած ժամանակահատվածը: Որպես տարածք՝ սահմանված է Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոցը և Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյուն փողոցն ընկած շրջանակում գտնվող թվով 40 փողոցները և պողոտաները: «Ֆորդ տրանզիտ» կամ Գազել» տիպի տրանսպորտային միջոցը ընկնում է տվյալ սահամանփակման տակ»,- ասաց Հարությունյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով՝ 2,5 տոննան բեռին չի վերաբերում, այլ մեքենայի քաշն ու բեռի քաշի համագումարը: