fbpx
Հասարակություն

Մենք ազատագրվում ենք 10-ամյակներով ու 100-ամյակներով մեզ վզին փաթաթած միֆերից․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամ Գարեգին Միսկարյանի Facebook-ի իր էջում գրել է, որ հայ ժողովուրդը գնալով ազատագրվում տասնյակ տարիներով ժողովրդին ներշնչած միֆերից։

«Ինչ խոսք, Հայաստանը փրկության կարիք ունի։ Հայերս պետականության պահպանման լուրջ խնդրի առաջ ենք կանգնած։ Սա մի կողմից, իսկ մյուս կողմից…

Առաջին հայացքից կարող է տարօրինակ հնչել, բայց տարածքային ու մարդկային սոսկալի կորուստների գնով, մենք որպես ժողովուրդ, որպես հանրություն առաջընթաց ենք գրանցել։ Մենք ազատագրվել և ազատագրվում ենք տասնամյակներով, եթե ոչ հարյուրամյակներով մեր վզին փաթաթած միֆերից։ Մենք, որպես ժողովուրդ, օրեցօր ազատագրվում ենք կապանքներից, որոնցով կապկպել են մեր միտքն ու ազատության կարոտ մեր ձեռքերը: Մենք քայլ առ քայլ կայանում ենք որպես քաղաքական ազգ։

Շատերը կարող է կարծեն, թե իզուր հույսեր եմ փայփայում, բայց ի տարբերություն մեզ, Ադրբեջանի ժողովուրդը ավելի է թաղվում բռնապետության մեջ և կորցնում ինքնուրույնությունը։ Սա մեզ համար լավ չի, որովհետև ժողովրդավար ադրբեջանի հետ կողք կողքի ապրելը ավելի հեշտ և ձեռնտու կլիներ, քան բռնապետական Ադրբեջանի, բայց դրանից ավելի շատ տուժելու է Ադրբեջանը, քան մենք։ Էնպես որ, շատ մտահոգվելու կարիք չկա։

Այո, եթե քաղաքագիտական տեսանկյունից նայենք, ապա քաղաքական աճի առումով` ժողովրդավարություն հռչակած Ադրբեջանի ժողովուրդները, որը վերջերս մեր 2000-ականների վերջի մակարդակին էր, քաղաքական հասունության առումով 2020-ի պատերազմից հետո հետ է գլորվում դեպի 90-ականներ, եթե չասեմ` խալիֆաթի մակարդակի` անձի պաշտամունքի ամրապնդում, կրոնականության խորացում, ազատությունների սահմանափակում և այլն։

Բայց թողնենք Ադրբեջանին և վերադառնանք մեզ։

Եվրոպացիները սկսեցին զարգանալ, երբ դարերով դրված «ճշմարտությունները» կասկածի տակ դրեցին։ Մենք երեսուն տարի անցնում էինք այդ ճանապարհով և այս պատերազմը արագացրեց գործընթացը։ Մեր վզին փաթաթված միֆական ու կեղծ «ճշմարտությունները» այսօր էլ՝ պատերազմից մեկ տարի անց, շարունակում են փլուզվել։ Մարդիկ սկսում են վերագնահատել և վերաիմաստավորել իրենց ու իրար մեջ ձևավորված հարաբերությունների որակը։ Սկսում են հասկանալ, որ ստի ու կեղծիքի վրա հիմնված հանրային հարաբերությունները լավ տեղ չեն տանում և անհրաժեշտ է ստեղծել փոխադարձ վստահության և համերաշխության մթնոլորտ։

Ինչ խոսք, այս ամենը այդքան էլ որոշ «փրկիչների» սրտով չի։ Նեղվում են, որ ատելության քարոզի ու կեղծ հայրենասիրական կոչերի դուդուկի տակ մարդիկ չեն պարում, պախարակում ու անիծում են ժողովրդին, պիտակավորում ու նսեմացնում են մարդուն` Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, բայց…

Բայց իրականությունն այն է, որ մարդիկ մեծ հաշվով թքած ունեն թե կոչերի, թե կոչողների ու թե նրանց «հեղինակավոր» կարծիքի վրա…

Ինչ խոսք, ոչ բոլորն են իրենց մեջ ուժ գտնում անտեսել բռնության ու ատելության քարոզը, հաշվի չառնել դրանք, և այդ ժողովրդի մի մասը հույս ու լույս չտեսնելով բռնում է գաղթի ճանապարհը, բայց ես վստահ եմ, որ շատ շուտով կձևավորվի հանրային կոնսոլիդացիայի այնպիսի մի հարթակ, որը մարդկանց համար նոր ուղի կմատնանշի և վաղվա օրը տեսնելու ունակ ու այն կառուցելու պատրաստ ժողովրդի հատվածով կլծվենք այդ նվիրական գործին։

Բան չմնաց…», – գրել է Միսկարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ