Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2024 թվականի տարեկան զեկույցը բացահայտում է, որ Ադրբեջանը լուրջ քայլեր չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգության, արժանապատիվ վերադարձի կամ սեփականության վերականգնման իրավունքների ապահովման ուղղությամբ: Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը խախտել է իր ստանձնած պարտավորությունները՝ չհետևելով միջազգային չափանիշներին և մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին։
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողությունները վերականգնեցին երկրի վերահսկողությունը տարածքի վրա։ Չնայած դրան, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը չի տրամադրել անհրաժեշտ երաշխիքներ կամ ծրագրեր՝ փախստականների անվտանգ վերադարձի համար:
Զեկույցում նաև անդրադառնում են ներքին ճնշումներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակել է ճնշումները քաղաքական ընդդիմության, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ։ 2024 թվականին կառավարությունը ձերբակալությունների նոր ալիք է սկսել, որն ուղղված էր հայտնի քննադատների դեմ, ներառյալ լրագրողներ, իրավապաշտպաններ և այլ հասարակական գործիչներ:
Ըստ զեկույցի՝ 2024 թվականի փետրվարին և սեպտեմբերին կայացած արտահերթ ընտրությունները չեն համապատասխանել ազատ և արդար քվեարկության չափանիշներին։ Դրանք դիտարկվել են որպես «քաղաքացիական հասարակության ճնշման» ևս մեկ դրսևորում:
Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշումները նույնպես չեն դադարել։ 2024 թվականի հունվարին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը՝ հիմնավորելով, որ կառավարությունը խախտել է հիմնարար պարտավորությունները:
Human Rights Watch-ի զեկույցը ընդգծում է, որ Ադրբեջանում շարունակվում են խախտվել խոսքի, միավորումների և հավաքների ազատության իրավունքները։ Այս պայմաններում, մարդու իրավունքների խնդիրները երկրում մնում են լուրջ միջազգային մտահոգության առարկա։
