2026 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի Խանլիգլար գյուղում տեղի է ունեցել պայթյունով ուղեկցվող հրդեհ, որը բռնկվել է «SOCAR Petroleum» ՓԲԸ-ին պատկանող նավթաբազայում։ Հրդեհը սկսվել է վառելիք տեղափոխող մեքենայի լիցքավորման գործընթացում, ինչը հանգեցրել է պայթյունի։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ հրդեհը արագորեն մարվել է, սակայն միջադեպի հետևանքով զոհվել է 1994 թվականին ծնված Շամիլ Իբրահիմովը, ով աշխատում էր որպես նավթամբարում վառելիքի արտահոսքի և պոմպի օպերատոր։
«SOCAR Petroleum» ընկերությունը նշել է, որ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը և ամբողջությամբ մարել հրդեհը։ Ղազախի շրջանային դատախազությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի հանգամանքների պարզաբանման համար։

