Վաղվանից «Run oil» բենզալցակայաններում կվաճառվի ադրբեջանական АИ 95 պրեմիում տեսակի բենզինը՝ 440 դրամով։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը։ «Մեգա թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Ըստ Հայրիյանի՝ այս գինը զգալիորեն ցածր է ներկայիս շուկայական արժեքից, որը կազմում է 520 դրամ։ Ընկերությունը գնել է շուրջ 600 տոննա բենզին, որը ձեռք է բերվել ոչ թե Ադրբեջանից, այլ թրեյդինգային ընկերությունից։
Հայրիյանը, արձագանքելով այն քննադատություններին, որ բենզինը ներկրվում է Ադրբեջանից, նշել է, որ իրենք առաջնորդվում են բիզնես շահերով և պատրաստ են գնել նաև ռեգուլյար տեսակի բենզին, եթե առաջարկվի մրցակցային գին։ «Մեգա թրեյդը» մտադիր է շարունակել ադրբեջանական վառելիքի գնումները։
Նկատենք, որ ադրբեջանական բենզինի գնումը նպաստելու է հակառակորդ երկրի տնտեսական հզորացմանը։ Բացի այդ այն հայ հանրությանը բաժանում է երկու հակամարտող կողմերի, որոնք պայքարում են միմյանց դեմ ու խորացնում պառակտման գործընթացը։ Շատ վերլուծաբաններ պնդում են, որ ադրբեջանական բենզինի կարեւոր հետևանքներից մեկն էլ հենց ներհանրային պառակտումն է, որի շահառուներն են ինչպես Հայաստանի իշխող վարչախումբը, այնպես էլ արտաքին թշնամի ուժերը։

