«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «Կրթություն և կարիերա էքսպո-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Գրիշա Թամրազյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ միջազգային այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հանրությանը ներկայացնել կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կատարած աշխատանքները, նախատեսվող ծրագրերը: «Ցուցահանդեսը ապահովում է ուսումնական հաստատությունների միջև արդյունավետ համագործակցություն և մրցակցություն, աշակերտներին՝ մասնագիտական կողմնորոշման, իսկ ուսանողներին՝ սեփական կարիերայի կառուցման համար ժամանակակից ծրագրերի ընտրություն: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կարևորում է նմանատիպ միջոցառումները, քանի որ դրանք յուրօրինակ հարթակ են աշխատաշուկայի պահանջների ներկայացման, գործատու-աշխատող կապի ամրապնդման, կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացման, զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվության ապահովման համար: Այսօր կրթության համակարգում ՀՀ կառավարությունը կարևորում է աշակերտների, ուսանողների ֆինանսական գիտելիքների և բիզնես հմտությունների զարգացումը, որն իր հերթին խթանելու է հասարակության լայն շրջանակներում նախաձեռնողականությունը՝ ամուր հիմքեր ստեղծելով հռչակված տնտեսական հեղափոխության համար: Այն միաժամանակ կարևորում է բոլորիս և յուրաքանչյուրիս ներդրման անհրաժեշտությունը մեր ընդհանուր ապագայի կերտման գործում»,-մասնավորապես նշել է Արայիկ Հարությունյանը:
Նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանը շրջել են ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ուսումնական հաստատությունների կողմից ներկայացվող ծրագրերին: Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 80 կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետությունից, Բելառուսից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Չեխիայի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից:
Լրագրողների հետ զրույցում նախարարը կիսվել է ցուցահանդեսից ստացված իր տպավորություններով: Նրա խոսքով՝ կրթությունը ՀՀ կառավարության հիմնական ուղղություններից է, քանի որ այն տնտեսության զարգացման և, առհասարակ, հասարակական հարաբերությունների համար առաջնային գործոնն է: «Այդ առումով նման ցուցահանդեսները կարևոր են՝ արձանագրելու մեր թերացումներն ու ձեռքբերումները, հնարավորություններ ստեղծելու ուսհաստատությունների համար՝ միմյանց հետ համագործակցելու, ինչպես նաև արտադրողներին հրավիրելու այստեղ՝ իրենց բիզնեսի համար բուհերի արտադրանքը կիրառելու համար: Օրինակ, ԵՊՀ-ի տաղավարում ներկայացված էին մի շարք հետազոտություններ, որոնք կարող են շատ կարևոր լինել արտադրողների համար, պարզապես բուհերն այն օղակները չեն ստեղծում, որ առևտրայնացնեն իրենց արտադրանքը: Հետազոտությունը պետք է վերադառնա բուհ և կարևորվի, իսկ գիտնականը՝ կարողանանա իր հետազոտության արդյունքներից օգտվել՝ առևտրայնացման միջոցով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ զարգացած երկրներում բուհն իր օղակներով գիտական հետազոտությունը հասցնում է արտադրողին: «Ըստ էության՝ այս օղակը մեր բուհերում թույլ է կամ առհասարակ բացակայում է: Առևտրայնացման ուղղությամբ գուցե առաջիկայում դոնոր կազմակերպությունների հետ համապատասխան ծրագրեր իրականացնենք՝ վերապատրաստումների և հզորությունների ներդրման առումով: Եթե բուհերը չունեն տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ, ապա նրանք հետ են մնում աշխարհի լավագույն բուհերից», – ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքից։