Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների և մրցանակակիրների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին և ընդգծել, որ Արցախի մարզիկների ու մարզիչների գրանցած հաջողությունները նշանակալի իրադարձություն են մեր հանրապետության սպորտային կյանքում:
«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Արցախն արդեն իսկ դարձել է սպորտային երկիր և արժանի ձևով է ներկայանում միջազգային հարթակներում ամենատարբեր մարզաձևերում: Սա միաժամանակ և՛ ոգևորիչ է, և՛ պարտավորեցնող: Ոգևորիչ, որովհետև յուրաքանչյուր հաղթանակ հզոր լիցք է հաղորդում մարզիկներին, մարզիչներին, հասարակությանը: Պարտավորեցնող, որովհետև յուրաքանչյուր հաղթանակից հետո անհրաժեշտ է ոչ միայն նվաճած բարձունքները պահպանել, այլ նաև դրանք զարգացնել ու ավելացնել»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր երկրում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման հարցերը:
