Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է գտնվել «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
Իր ողջույնի խոսքում Նախագահը կարևորել է համաժողովի գիտագործնական նշանակությունը՝ նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական և օբյեկտիվ ձևով ուսումնասիրել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետևանքային կապը և այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:
«Եվ դա կարևոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը և այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձևով: Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցը այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձևաչափով և օրակարգով», – ընդգծել է Նախագահ Սահակյանը: