Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցնե´ր,
Շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր տոնի` Հայոց փառապանծ բանակի կազմավորման օրվա կապակցությամբ:
Հայ զինվորը, սպան միշտ և բոլոր ժամանակներում ապացուցել է իր նվիրվածությունն ու անձնազոհությունն իր հայրենիքին ու ժողովրդին` կերտելով հաղթանակներ, մինչև վերջին ճիգը պահելով մեր սահմանները:
Պետք է արժանին մատուցել 44 օրյա պատերազմում անհավասար պայմաններում պայքար մղած մեր բանակին և նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով և առկա չափազանց սուղ և ոչ համարժեք միջոցներով մինչև վերջ և հերոսաբար պայքարեցին, և այն, ինչ այսօր ունենք բացառապես բանակի անձնազոհ պայքարի և մեր ժողովրդի միասնականության արդյունքն է և անթույլատրելի է նսեմացնել այդ պայքարը: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր անվտանգության միակ երաշխավորը կա և կլինի մեր բանակը և առաջնահերթ պետք է լինի յուրաքանչյուրիս համար բանակի հզորացումը, արմատական բարեփոխումների իրականացումը, ժամանակակից եւ մարտունակ բանակի կերտումը։
Մեր խոնարհումն ենք հայտնում քաջաբար եւ իմացյալ մահով նահատակված հերոսներին, մեր վիարվորներին մաղթում շուտափույթ ապաքինում, իսկ գերիներին և անհետ կորածներին ժամ առաջ վերադարձ իրենց ընտանիքներ։
Երախտապարտ ենք մեր զինծառայողներին` իրենց ամենօրյա նվիրական ծառայությամբ մարտական ոգին ու մեր սահմանները պահելու համար:’
Խաղաղությու´ն մեր սահմաններին:
Փա՛ռք ու Պա՛տիվ մեր անմահ Հերոսներին։
Շնորհավո’ր տոնդ քաջարի զինվոր և սպա,
Շնորհավո’ր տոնդ հանուն հայրենիքի կյանք տված մեր հերոս տղերք,
Շնորհավո’ր տոնդ հերոս ծնած հայ ժողովուրդ»: