fbpx
Հասարակություն

«Բանան 9 տնտեսվարողի փոխարեն՝ ներկրում են 21-ը». Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքները: Փոխանցում է 168.am-ը:

Նրա փոխանցմամբ՝ 2018 թվականին Հայաստանը մրցակցության ոլորտում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ ակտիվ տնտեսական քաղաքականության, հատկապես՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ակտիվ քաղաքականության և խոչընդոտների վերացման հետ:

«Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, բայց համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով՝ Հայաստանը մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով, և այժմ աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն: Մեր երկիրն առաջատարն է ԵԱՏՄ անդամ երկրներում. Ռուսաստանը զբաղեցնում է՝ 63-րդ, Ղազախստանը՝ 84-րդ, Ղրղըզստանը՝ 102-րդ տեղը: Գերազանցում ենք նաև տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների: Օրինակ՝ Վրաստանը գտնվում է՝ 80-րդ, Թուրքիան՝ 86-րդ,  Լիտվան՝ 87-րդ, Լատվիան՝ 58-րդ, Սլովակիան՝ 82-րդ, Հունգարիան՝ 99-րդ, Մոլդովան՝ 119-րդ, Ռումինիան՝ 94-րդ, Ուկրաինան՝ 110-րդ հորիզոնականում»,- ասաց Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովն իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն՝ պարզելու, թե նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված՝ ինչպիսի՞ մրցակցային վիճակ է մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում:

Շաբոյանի հաղորդմամբ՝ եթե 2014թ. կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարի ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինն  այս ժամանակահատվածում նվազել է՝ 74 տոկոսից դառնալով 49: Ալյուրի շուկայում ևս 2014թ. 30 տնտեսվարողի փոխարեն՝ 2018թ. գործում են արդեն 149-ը: Խոշորների մասնաբաժինը ևս նվազել է՝ 38 տոկոսից դառնալով 5 տոկոս, ինչը նշանակում է, որ գերիշխող տնտեսվարողներ չկան: շաքարավազի դեպքում էլ 4 տարվա կտրվածով ներմուծողների թիվը 3-ից դարձել է 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է՝ 94-ից դառնալով 78 տոկոս: Բանան 9 տնտեսվարողի փոխարեն՝ ներկրում են 21-ը, և գերիշխողի մասնաբաժինը 92 տոկոսից հասել է 56-ի:

«Տնտեսվարողների քանակի ավելացումը սկսվել էր դեռևս 2015 թվականից՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ: 2018թ. հունիսից սկսած նրանց թիվն ավելի է շատացել: Մեծացել են նաև ներմուծվող ապրանքների խմբաքանակները»,- նշեց Արտակ Շաբոյանը:

Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև մենաշնորհների դեմ պայքարին՝ ընդգծելով, որ ՏՄՊՊՀ-ն ակտիվ գործունեություն է իրականացրել այս ոլորտում, շատ խնդիրներ են բացահայտվել:

«Եղել են, կան խնդիրներ: Ինչ վերաբերում է մենաշնորհին, ապա այդպիսին է համարվում այն տնտեսվարողը, որին պատկանում է շուկայի 100 տոկոսը: Այո՛, որոշ ոլորտներում կա մենաշնորհ. դա ՀԷՑ-ն է՝ էներգետիկայի  բնագավառում, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ գազամատակարարման ոլորտում: Մյուս ոլորտներում ունեցել ենք և ունենք գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ: Նրանց կշիռը շուկայում կազմում է 1/3-ից ավելին: Մենք շարունակում ենք պայքարել խոշոր ընկերությունների կողմից կատարվող չարաշահումների դեմ»,- նշեց Շաբոյանը:

Ինչ վերաբերում է մինչ օրս պաշտոնավարմանը՝ Ա. Շաբոյանն ասաց, որ արտառոց երևույթ չկա, 20 տարի պետական կառավարման ոլորտում է աշխատում, սկսել է 0-ից:

«Երբեք պաշտոնից կառչած չեմ եղել: ՀՀ վարչապետը ցանկացած պահի կարող է նոր թեկնածու ներկայացնել»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ