«Ամերիկյաի ձայնը» գրում է.
Վրաստանը ողջունում է հունիսի 4-ին ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում Վրաստանի առաջարկած Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին բանաձևի հետ կապված Հայաստանի մոտեցումը:
Բանաձևը շրջանառության մեջ է ՄԱԿ-ում դեռևս 2008 թվականից: Այս տարի առաջին անգամ Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը: Նախկինում այն մշտապես դեմ էր քվեարկում փաստաթղթին:
Պաշտոնական Երևանը անդրադառնալով այս հարցին, ընդգծել է, որ Ռուսաստանի ու Վրաստանի հետ հարաբերություններում, Հայաստանն առաջնորդվում է արտաքին քաղաքական այս երկու կարևոր ուղղությունների համադրմամբ։
Իսկ ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչ դեսպան Կահա Իմնաձեն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների բարեկամական բնույթը՝ ողջունելով դրանց տեղափոխումը բազմակողմանի հարթակներ:
«Հայաստանի դիրքորոշումը ողջունելի: Ողջունելի է, որ մեր հարևան երկիրն այլևս չի քվեարկում ընդդեմ Վրաստանի: Դա շատ կարևոր է իմ երկրի համար»,- հայտարարել է ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչը:
Վերլուծաբան Սուրեն Սարգսյանի կարծիքով նախկինում Հայաստանի դեմ քվեարկելը ևս բխում էր երկրի շահերից, այլ ոչ թե երրորդ պետության շահերի սպասարկում էր, ինչպես հաճախ մեղադրել են հայկական կողմին:
«Վրաստանը մշտապես կողմ է քվեարկել Արցախի մասին Ադրբեջանի կողմից Գլխավոր վեհաժողով ներկայացված բանաձևին, քանի որ ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ է: Սա ըստ էության Հայաստանի պատասխանն էր այս բանաձևին»,- ընդգծում է Սարգսյանը:
Վերլուծաբանն ընդգծում է՝ քայլը ճիշտ էր, անգամ՝ ուշացած: Որոշումը կայացվել է Երևանում ամենաբարձր մակարդակի վրա, սակայն պարզ չէ դեռևս, թե արդյոք կողմերի միջև առկա են պայմանավորվածություններ այս առիթով:
«Կարծում եմ սա լրացուցիչ դրական ազդակ և խթան է վրացական կողմի համար, որպեսզի հետայսու այն բանաձևերին, որոնք բերվում են Ադրբեջանի կողմից այսպես կոչված օկուպացված տարածքների մասին, դեմ քվեարկի կամ չմասնակցի»,- ասում է Սարգսյանը:
Իր հերթին վերլուծաբան Արսեն Խառատյանը ևս կարևորում է Երևանի որոշումը բանաձևի քվեարկությանը չմասնակցելու հարցում՝ բազմակողմանի հարթակներում հայ-վրացական հարաբերությունների վերանայման տեսանկյունից։
«Ինձ համար առավել կարևոր է, որ սառույցը տեղից շարժվեց բազմակողմ հարթակներում վրաց գործընկերների կամ այլ գործընկերների հետ հնարավոր քվերակությունների փոփոխության վերաբերյալ» ,- ասում է Խառատյանը:
Բանաձևի առնչությամբ Երևանի քայլը, ըստ Խառատյանի, կարևոր է նաև տարածաշրջանային հակամարտությունների՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի բացառման տեսանկյունից, որոնք անհրաժեշտ է առանձին դիտարկել: Նա վստահ է՝ Երևանի այս քայլը նոր որակ է հաղորդում հայ-վրացական հարաբերություններին:
«Սա Հայաստանի կողմից կարևոր քայլ է և գնահատվում է Վրաստանի կողմից որպես բավականին լուրջ առաջընթաց»,- նշում է Խառատյանը:
Փորձագետները համակարծիք են՝ հայ-վրացական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով, սակայն հետագա զարգացումները ցույց կտան, թե արդյոք այս նախաձեռնությունը Երևանի բարի կամքի դրսևորում էր, թե կողմերի միջև պայմանավորվածության արդյունք: Գնդակը վրացական կողմի դաշտում է, պնդում են վերլուծաբանները: