«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոստովանել է, որ Կառլո Անչելոտիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելը շտապ որոշում էր:
Տրենտոյի մարզական փառատոնին իր ելույթի ժամանակ Ռումենիգեն խոսել է իտալացի մարզիչների մասին, որոնք աշխատել են «Բավարիայում»։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
«Ջովանի Տրապատոնին հաղթել է Գերմանիայի առաջնությունում ու Գավաթի խաղարկությունում:
Նա շատ հաճելի մարդ է ու Իտալիայի իսկական դեսպանը Գերմանիայում: Շատերը նշում էին ոչ միայն նրա հաջողությունները, այլ նաև բնավորությունը»,-ասել է նա։
Անդրադառնալով Անչելոտիին՝ նախագահը նշել է, որ նա հիանալի մարդ ու մարզիչ է, բայց երկրորդ մրցաշրջանում իրենց սպասելիքներն ու արդյունքները չեն համապատասխանել։
«Կառլոն իմ ընկերն է, շատ հանգիստ մարդ, նա այդպիսին մնում է նաև բարդ իրավիճակներում:
Գուցե մենք պետք է սպասեինք ու այդքան շուտ չհեռացնեինք նրան: Ես լաց եղա, երբ հայտարարվեց նրա պաշտոնանկության մասին: Կառլոն ապացուցեց, որ հիանալի մարդ է»,-եզրափակել է Ռումենիգեն։