Հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հուլիսի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին։ Այս մասին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա ասաց, որ տեղյակ են, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չեն կարող ասել։
«Հետևում ենք դեպքի ընթացքին, հենց որ նկատենք, որ առկա է դատավորների անկախությանը խոչընդոտելու կամ միջամտելու խնդիր, անպայման կարձագանքենք»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՔԾ–ից հայտնել են, որ երեկ՝ հուլիսի 16–ին, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։