Այսօր ամբողջ օրը միջազգային հանրությունը` Բեռլինից մինչև Վիլնյուս, Բելառուսի իշխանություններից պահանջում էր տեղեկություն հաղորդել անհետացած երեք ընդդիմադիրների` Մարիա Կոլեսնիկովայի, Իվան Կրավցովի և Անտոն Ռոդնենկովի մասին։
Հիշեցնենք, որ երեկ Meduza լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Մինսկի Ազգային գեղարվեստական թանգարանի դիմաց առևանգել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային։
Հակառակ այս պնդումներին Լուկաշենկոյի վարչակազմը` Ներքին գործերի նախարարությունից մինչև Ազգային անվտանգության ծառայություն, մի ամբողջ օր հավաստիացնում էր, թե նրանց մասին տեղեկություն չունի և որևէ մեկին չի ձերբակալել:
Այնուհետև Բելառուսի սահմանապահ ծառայությունը մոտ կես րոպեանոց մի տեսանյութ հրապարակեց, հայտարարելով, որ շաբաթներ շարունակ բազմազահազանոց ցույցերն առաջնորդող երեք ընդդիմադիրներն էլ գաղտագողի լքել են հայրենիքը: «Նրանք այժմ Ուկրաինայում են», – պնդեց պաշտոնական Մինսկը:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Մարիա Կոլեսնիկովան պատռել է սեփական անձնագիրը, ինչից հետո բելառուսցի սահմանապահները ուղղակի չեն կարողացել նրան Ուկրաինա ճանապարհել: Այդ վարկածը չի հերքել նաև Ուկարինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն:
«Մարիա Կոլեսնիկովան խիզախ քայլ է արել, ինչից հետո Բելառուսի հատուկ ծառայություններն այլևս չեն կարողացել նրան վտարել: Մյուս երկու ընդդիմադիրներին բռնությամբ դուրս են բերել երկրից, նրանք այժմ գտնվում են Ուկրաինայում: Կոլեսնիկովան, սակայն, մնաց Բելառուսի տարածքում, և նրա կյանքի ու առողջության համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն է կրում», – հայտնել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարարը:
Այս հայտարարությունից հետո պաշտոնական Մինսկը նոր հաղորդագրություն տարածեց դետեկտիվ հիշեցնող այս պատմության մասին՝ պնդելով, իբր Կոլեսնիկովայի երկու համախոհներն իրենք են վերջին պահին կնոջը դուրս գցել մեքենայից:
«Ըստ էության, նրան դուրս հրեցին ու շարունակեցին ճանապարհը դեպի Ուկրաինա», – հայտարարել է Սահմանային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին: Իրավապահների հաղորդմամբ,Կոլեսնիկովան ձերբակալվել է` սահմանն ապօրինի հատելու համար, փաստաբաններն ու հարազատները, սակայն, մինչ այս պահը չգիտեն` որտեղ է նա:
Նշենք, որ ավելի քան 25 տարի անընդմեջ Բելառուսն առաջնորդող Ալեքսանդր Լուկաշենկոն, մինչ օրս կտրականապես մերժում է ընդդիմության հետ երկխոսելու միջազգային հանրության հորդորներն ու առաջարկները: