ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կանցկացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է մեծարել տարվա ընթացքում նշանակալի նվաճումներ գրանցած հայ մարզիկներին և մարզիչներին։ Այս նախաձեռնությունը միտված է նաև խրախուսելու նրանց, ովքեր նպաստել են Հայաստանի Հանրապետության ճանաչելիության բարձրացմանը և ազգային արժեքների հանրահռչակմանը։
Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների փակ և գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա։ Բացի այդ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը կընտրվի առցանց քվեարկությամբ, որը կանցկացվի Telegram հարթակում։
Մրցույթն ընդգրկում է հետևյալ անվանակարգերը.
-Լավագույն 3 մարզիկներ
-Լավագույն կին մարզիկ
-Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ
-Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)
-Լավագույն երիտասարդ մարզիկ
-Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն
-Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ
-Լավագույն մարզիչ
-Հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ)
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողները կպարգևատրվեն դրամական մրցանակներով և հավաստագրերով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ հուշանվերով և հավաստագրով։ Միևնույն մարզիկը կարող է հաղթել միայն մեկ անվանակարգում։ Հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը հավասարապես կբաժանվի։
Այս մրցույթը հնարավորություն է ստեղծում ոչ միայն մեծարելու լավագույն մարզիկներին և մարզիչներին, այլև շեշտելու սպորտի դերը հայկական պետականության ճանաչելիության և ազգային արժեքների տարածման գործում։