Աշխարհ

Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում:

«Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», – ասել է Պատելը:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը, Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել:

«Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», – նշել է դիվանագետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ