ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է թմրամիջոց ապօրինի պահելու, փոխադրելու, առաքելու, ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի՝ 48-ամյա բնակիչը 2020թ. հունիսի 26-ին իր համաքաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ վերջինիս համար 140.000 ՀՀ դրամ գումարով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու շուրջ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձորի բնակիչը հեռախոսով պատվիրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ՝ իրացնելու նպատակով:
Պայմանավորվածության համաձայն՝ նա ժամանել է Երևան, որտեղ քննությամբ չպարզված անձի կողմից մատնանշված վայրից վերցրել է նախապես պատվիրված զգալի չափերով՝ 8,43 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որից 0,54 գրամը անձնական օգտագործման համար ապօրինի պահել է իր մոտ, իսկ զգալի չափերով՝ 7,89 գրամն իրեն պատկանող ավտոմեքենայով ապօրինի փոխադրել է Վանաձոր և ապօրինի իրացրել համաքաղաքացի իր ծանոթին, ինչը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է վերջինիս մոտից, իսկ մանր չափ հանդիսացող 0,54 գրամ հաստատուն քաշով նշված տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի շրջանառությանը հնարավոր այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: