fbpx
Հասարակություն

Բողոքի ակցիա անող աշխատակիցները բաց նամակ ուղարկեցին վարչապետի պաշտոնակատարին

Կառավարության շենքի դիմաց օպտիմալացման ծրագրի դեմ բողոքող մշակույթի նախարարության աշխատակիցները վարչապետին ուղղված նամակ հանձնեցին քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանին և հայտարարեցին իրենց բնականոն աշխատանքին վերադառնալու մասին:

Մշակույթի նախարարության աշխատակիցներն այդ նամակով պահանջում են չեղարկել նախարարությունների օպտիմալացում ենթադրող նախագիծը, խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպել մասնագետների հետ: Նրանք այն կարծիքին են, որ մշակույթի նախարարությունը Հայաստանի համար ունի նույնքան կարևոր նշանակություն, որքան պաշտպանության նախարարությունը, ուստի չի կարելի այն միացնել այլ նախարարության:

Մշակույթի նախարարության աշխատակիցները նշեցին, որ մինչև երկուշաբթի կսպասեն Նիկոլ Փաշինյանի արձագանքին, իսկ եթե իրենց բարձրացրած հարցերին լուծում չտրվի, պատրաստ են օրինական բոլոր միջոցներով շարունակել պայքարը: Աշխատակիցները հույս հայտնեցին, որ խնդրին լուծում կտրվի եւ հայտարարեցին, որ վերադառնում են աշխատանքի, իսկ բողոքի ակցիան անցկացրել են իրենց ձայնը կառավարությանը լսելի դարձնելու համար:

Այս պահին կառավարության շենքի դիմաց շարունակում են մնալ սփյուռքի նախարարության աշխատակիցները, ովքեր նամակ են պատրաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնելու համար: Նրանք նշում են, որ իրենց հետագա գործողությունները պարզ կդառնան նամակին տրվելիք պատասխանից հետո:

Մշակույթի նախարարության աշխատակիցներն իրենց բաց նամակը փոխանցեցին Կառավարության նամակների և դիմումների բաժնի պետին՝ պահանջելով վարչապետին ասել, որ երկուշաբթի ցանկանում են հանդիպել նրա հետ՝ դիմումի պատասխանը ստանալու ակնկալիքով։

Բացի այս՝ աշխատակիցներն ասացին, որ պատրաստ են անգամ տոնական օրերին ակցիաներ, նստացույց իրականացնել, քանի որ հունվարի 1-ից օպտիմալացում է իրականացվելու:

Բաց նամակը հանձնելուց հետո աշխատակիցները դադարեցրին ակցիան:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը, իսկ մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության և գիտության նախարարությանը։ Վաղ առավոտից էլ մշակույթի եւ սփյուռքի նախարարության աշխատակիցները օպտիմալացման դեմ բողոքի ակցիա էին սկսել։

Հայտնում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ