fbpx
Հասարակություն

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Հայաստանի Հանրապետության սփյուռքի և մշակույթի նախարարությունների  բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և բողոքում են նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ, որի համաձայն՝ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը՝ դառնա վարչություն արտաքին գործերի նախարարության կազմում:

Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, սփյուռքի նախարարության աշխատակիցները գտնում են, որ նախարարությունը իր բոլոր գործառույթները պատշաճ իրականացնում է:  Նրանք չեն կարծում, որ իրենց գործառույթները նույնն են, ինչ ԱԳՆ-ի գործառույթները: Նախարարության աշխատակիցները մտահոգված են նաև իրենց ապագայով, քանի որ նախարարության լուծարման հետևանքով կարող են կորցնել աշխատանքը:

Մշակույթի նախարարության աշխատակիցներն էլ դեմ են կրթության և գիտության նախարարության հետ միավորվելուն: Նրանք գտնում են, որ մշակույթը Հայաստանի այցեքարտն է, ուստի մշակույթի նախարարությանը պետք է տրվեն լայն լիազորություններ և միջոցներ՝ մշակույթը պահպանելու և ազգային արժեհամակարգի վրա ձևավորված հասարակություն ստեղծելու համար:

Մշակույթի և սփյուռքի նախարարության աշխատակիցներն այս պահին կառավարության շենքի մոտ են, նրանք պատրաստվում են նամակ փոխանցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված են իրենց պահանջները:

Թե սփյուռքի, թե մշակույթի նախարարության աշխատակիցներն այն կարծիքին են, որ ճիշտ չէ միանգամից գնալ նախարարությունը լուծարելու կամ մեկ այլ նախարարության միացնելու ճանապարհով: Նրանք ճիշտ են համարում, որպեսզի ստուգվեն յուրաքանչյուր աշխատակցի գործառույթները,  գնահատվի նրանց կատարած աշխատանքը, նոր միայն դրանից հետո գնալ օպտիմալացման ճանապարհով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ