Հուլիսի 4-ին Նյու Ջերսիի Ռարիտան ծովածոցում արտակարգ պատահար է տեղի ունեցել. կետը հարվածել է Carteret-ի հրշեջ-փրկարարական ծառայության նավին, ինչի հետևանքով նավը խորտակվել է։ Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում, երբ նավը վերադառնում էր Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային գոտու պարեկային ծառայությունից։
Carteret-ի հրշեջ դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կետը հայտնվել է նավի հետնամասի տակ՝ պատճառելով կառուցվածքային լուրջ վնասվածքներ։ Նավը սկսել է արագորեն ջուր լցվել, և անձնակազմը ստիպված է եղել վայրկյանների ընթացքում լքել այն։ Մոտակայքում գտնվող հանգստացողները՝ մոտորանավակների և ջրային մոտոցիկլետների վարորդները, օգնության են հասել և փրկել հրշեջներին։ Փրկարարական աշխատանքներին աջակցել են նաև Perth Amboy-ի հրշեջ ծառայության ստորաբաժանումները։
Պաշտոնական տվյալներով՝ անձնակազմի բոլոր անդամները հագած են եղել փրկարարական բաճկոններ, ինչը, ըստ հրշեջների, վճռորոշ է եղել նրանց կյանքի փրկության համար։ Տուժածներ չկան։ Դեպքի վայրում գտնվող ականատեսները հայտնել են, որ տարածքում նկատվել է կետերի խումբ։ Ներկայումս միջադեպի հանգամանքները պարզվում են։

