Հարավային Կալիֆոռնիայում ընթացիկ շաբաթվա ընթացքում սպասվում է անոմալ շոգի ալիք։ ԱՄՆ Օդերևութաբանական ծառայության (NWS) տվյալներով՝ տարածաշրջանի մեծ մասում հուլիսի 7-ից 10-ը գործելու է ջերմային նախազգուշացում։ Օդերևութաբանները կոչ են անում բնակիչներին ցուցաբերել զգուշություն, քանի որ ջերմաստիճանը զգալիորեն գերազանցելու է սեզոնային նորման։
Ջերմային նախազգուշացում է սահմանվել Սանտա Կլարիտա, Սան Ֆերնանդո և Սան Գաբրիել հովիտների, ինչպես նաև Սան Գաբրիել լեռների և Անտելոպ հովտի (14) մայրուղու միջանցքի համար։ Այս շրջաններում ջերմաստիճանը կտատանվի 32-38 աստիճանի սահմաններում, իսկ առավելագույն շոգը կգրանցվի չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Լոս Անջելեսի կենտրոնական և ափամերձ հատվածներում նախազգուշացումը կգործի չորեքշաբթի առավոտից մինչև ուրբաթ երեկո։
Ամենածանր իրավիճակը կանխատեսվում է Կոաչելլա հովտում, որտեղ հուլիսի 7-ից 9-ը գործում է ծայրահեղ շոգի վերաբերյալ նախազգուշացում։ NWS օդերևութաբան Չենդլեր Փրայսը նշել է, որ Փալմ Սփրինգսում հինգշաբթի օրը ջերմաստիճանը կարող է հասնել 46 աստիճանի, ինչը տարվա ամենաբարձր ցուցանիշն է և 3-6 աստիճանով բարձր է հուլիսյան միջինից։
Լոս Անջելեսի շրջանի Հանրային առողջապահության դեպարտամենտը կոչ է անում բնակիչներին խմել շատ ջուր, կրել բաց գույնի թեթև հագուստ և խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից օրվա ամենաշոգ ժամերին։ Պաշտոնյաները հատուկ շեշտում են, որ երբեք չի կարելի երեխաներին կամ կենդանիներին թողնել կայանված մեքենաներում, քանի որ սրահի ջերմաստիճանը կարող է մահացու լինել նույնիսկ փոքր-ինչ բաց պատուհանների դեպքում։

