Բրիտանական British Airways ավիաընկերությունը ստիպված է չեղարկել 1500 չվերթ օդաչուների գործադուլի պատճառով, որը պետք է սկսվեր երկուշաբթի գիշեր եւ տեւելու է երկու օր։ Ինչպես նշվում է ավիաընկերության կայքում, չեղարկված չվերթերի ուղեւորները չպետք է գնան օդանավակայաններ։ Այս մասին հաղորդում է TACC-ը։
«Եթե ձեր չվերթը չեղարկվել է, օդանավակայան մի եկեք։ Դուք կարող եք վերաձեւակերպել տոմսերը կամ փոխհատուցման մասին հարցում անել ընկերության կայքում։ Դուք նաեւ կարող եք կապվել մեզ հետ հեռախոսով, որպեսզի քննարկեք այլ չվերթերի տոմսերի պատվիրման հնարավորությունը»,-ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում, որը նույնպես նախազգուշացնում է սեպտեմբերի 27-ին նախատեսված նոր գործադուլի մասին։
Ինչպես տեղեկացնում է Daily Telegraph թերթը, սեպտեմբերի 9-ի եւ 10-ի գործադուլը սպառնում է դառնալ ամենախոշորը ընկերության պատմության մեջ, կտուժի British Airways-ի 2880 հազար ուղեւոր։ Գործադուլի պատճառը ընկերության օդաչուների պահանջներն են աշխատավարձի բարձրացման եւ աշխատապայմանների բարելավման մասին։ Բանակցությունների ընթացքում օդաչուների արհմիությունը մերժել է գործատուի առաջարկը աշխատավարձը երեք տարվա ընթացքում 11,5 տոկոսով բարձրացնելու մասին, ինչը British Airways-ում «արժանի առաջարկ» են համարում։ Արհմիությունների ներկայացուցիչներն ասում են, որ դա բավարար չէ, քանի որ ընկերության ֆինանսական ցուցանիշները ներկա պահին թույլ են տալիս իրենց աշխատակիցներին ավելի լավ առաջարկ անել՝ հաշվի առնելով, որ ավիաընկերության համար դժվար օրերին նրանց աշխատավարձն իջեցվել է։
Այժմ British Airways-ի օդանավերի կապիտանները ստանում են միջինը 167 հազար եվրո (205 հազար դոլար) տարեկան։ Երկրորդ օդաչուների միջին աշխատավարձը 70 հազար եվրո է (86 հազար դոլար)։