«Բռունցքդ բեր» նախաձեռնության հայտարարություն է տարածել միակողմանի զիջումների, ՏՀՀ շարժման և հունիսի 12-ի դեպքերի վերաբերյալ, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
2024 թվականի մարտից «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ կապված սահմանազատման գործընթացի հետ, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության անվտանգության և իրավունքների խաթարում միակողմանի զիջումների միջոցով։
Նախաձեռնության անդամները հանդիպել են ազդակիր համայնքների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ոսկեպարի բնակիչների հետ: Բնակիչները հստակ ձևակերպել են իրենց պահանջները կառավարության ղեկավարից՝ կապված իրենց իրավունքների և անվտանգության հետ:
«Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները իրենց ողջ ուժն ու եռանդն են դրել, որպեսզի իրավունքների ու անվտանգության վերաբերվող պահանջներն ու խնդիրները բարձրաձայնվի, այդ թվում՝ հասնի պետության գլխավոր կառավարման մարմնի անդամներին՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին: Նախաձեռնությունը միակողմանի զիջումների հետ կապված խնդիրների լուծումն այս պահին տեսնում է ԱԺ պատգամավորների կողմից մանդատների վայր դնելու միջոցով, այդ թվում՝ ընդդիմադիրների, որը կհասունացնի քաղաքական ճգնաժամ խորհրդարանում և թույլ չի տա կառավարությանը շարունակել սխալ օրակարգը։
Միևնույն ժամանակ մենք նկատել ենք, որ մեր նախաձեռնությունից փոքր ինչ ուշ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը՝ Վազգեն Գալստանյանը՝ Բագրատ Սրբազանը, և իրեն սատարող քաղաքական ուժերն.
-առ այսօր չեն ներկայացրել, այսպես կոչված, սահմանազատման նմանատիպ գործըթնացը կասեցնելու կենսունակ մեխանիզմ ու դրան միտված անելիքների շարք,
-իրենց կիրառած մարտավարությունը օգտագործվել է վարչակազմի կողմից՝ սահմանագծումն ու սահմանազատումը անխոչընդոտ անելու համար,
-տվյալ օրակարգը վեր են ածել իշխանափոխության հարցի,
-օրակարգի փոփոխությունից հետո ներկայացրած հրաժարականի պահանջին հասնելու մեթոդաբանությունը եղել է ձախողված փորձերի կրկնություն,
-չեն ներկայացրել իշխանափոխության սահմանադրական ձևաչափը,
-շարժման կառավարման մեջ հատուկ դեր են տրվել լայն հանրության կողմից մերժված ուժերին,
-խոսույթը դարձրել են վերջին տարիներին բնորոշ «սև-սպիտակ» ձևաչափի բովանդակության,
-ժողովրդի արդարացի և տեղին պոռթկումը մարման են տարել՝ ծառայեցնելով իրենց շահերին:
Այս ամենը, ինչպես ցույց է տալիս փորձը, ոչ միայն չի չեղարկում ներկայիս կառավարության սխալ գործունեությունը, այլ, ընդհակառակը, նույնիսկ օգնում է նրանց վերարտադրվելուն։
Վերոգրյալով հանդերձ՝ մենք դատապարտում ենք հունիսի 12-ին Բաղրամյա-Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցած ոստիկանների և քաղաքացիների միջև եղած բախումները: Վարչակազմը կրկին օգտագործել է ոստիկանական ուժերը և բռնություն կիրառել ոչ միայն սադրիչների, այլև խաղաղ ցուցարարների և սադրանքները կանխելու նպատակ ունեցող քաղաքացիների հանդեպ՝ անվանարկելով պետության ժողովրդավարական ու իրավական համբավը և ոտնահարելով ՀՀ քաղաքացիների իրավունքները, առողջությունն ու անվտանգությունը:
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը ունեցել և ունի իր հստակ քաղաքական ձևակերպումը տվյալ իրավիճակի հետ կապված, և իր գործողություններն ու հայտարարությունները բխեցնում է բացառապես իր սեփական դիրքորոշումներից ու օրակարգերից»: