fbpx
Կրթություն

Բուհական համակարգում ինքնավարությունն ավելացնում ենք, ասում են՝ մեզ իշխեք․ նախարար

Ոչ մեկը ոչ մի բան չի հանում բուհերից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե կառավարությունը բուհերից հանում է հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների պարտադրանքը:

«Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ երբ նախկինում կրծքներին էին խփում, թմբկահարում էին, որ ազատությունները քիչ են, ինքնավարության աստիճանը քիչ է, հիմա մշակույթի ոլորտում ասում ենք, որ ինքնավարություն ավելացնում ենք, հիմա էլ ասում են՝ չէ, մեզ իշխեք, կառավարեք, ասեք, ինչ անենք: Կամ բուհական համակարգում ինքնավարությունն ավելացնում ենք, ասում են՝ մեզ իշխեք, կառավարեք:

Երեկ հայտարարություն ենք տարածել, որ այս նախագիծը որ կա, թույլ է տալիս բուհերին, ֆակուլտետներին իրենք որոշեն, թե իրենց առարկայացանկերում ինչ ծավալով հայերեն, հայ ժողովրդի պատմություն սովորեն, բայց կարծես թե խնդիր ունեն որոշ անձինք, որովհետև ակնհայտ է, որ բուհերի մեծամասնությունում, գիտխորհուրդների մեծամասնությունում այդ հարցերը կարող են չանցնել»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ ոչ հայագիտական ֆակուլտետներում այդ հարցը դրվում էր, թե ինչու այդ առարկաները պետք է պարտադիր անցնեն։

«Հիմա իրենք թող իրենց գիտխորհուրդներով որոշեն, ի սեր Աստծո, կարող են շատ տարբեր առարկաներ մտցնել, պատմությունը դարձնել 4, 8 սեմեստրով, նույնը հայերենը անել և այստեղ որևէ խնդիր չկա: Դա պետք է բխի իրենց ծրագրերից, թող նստեն, քննարկեն ու որոշեն»,-եզրափակեց Արայիկ Հարությունյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ