Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 23-ին կայացած լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են Հայոց ցեղասպանության թեման:
«Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցության պատգամավոր Արման Բաբիկյանը հայտարարել է.«Դեռևս 1975թ. ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բուլղարիայի քաղաքացիներն իմացել են ճշմարտությունը և ուղարկել են մեզ՝ այն պաշտպանելու: «Կանգնի՛ր, դու՛րս արի» խորհրդարանական խումբը բնորոշում է Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները որպես ցեղասպանություն: Այդ երախտավոր քայլին սպասում են հազարավոր հայեր: Մենք պետք է շնորհակալ լինենք Բուլղարիայի ժողովրդին, որ ընդունել է ողջ մնացած հայերի նախնիներին: Դրանք այն մարդիկ են, որոնք փրկել են բուլղարական հրեաներին»:
«Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցությունից Ցեցկա Բաչկովան կոալիցիայի անունից հայտարարություն է ներկայացրել Օսմանյան կայսրությունում ողբերգական իրադարձությունների մասին:
«Բուլղարացիները դրսևորել են մեծահոգություն և կարեկցանք՝ բացելով իրենց տները փախստականների առաջ: Հազարավոր հայ փախստականներ արժանացել են բնակիչների հյուրընկալությանը և որոշել մնալ այստեղ: Ժամանակի ընթացքում նրանք դարձել են բուլղարացի ժողովրդի մի մասը»,-ասված է հայտարարությունում:
Բաչկովայի խոսքով` Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԵՄ անդամ 16 պետություն: Նա «Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցության անունից հայտարարել է, որ աջակցում է բուլղարական փաստաթղթերում «հայերի զանգվածային սպանություն» տերմինը «ցեղասպանություն» եզրույթով փոխարինելուն:
Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության, «Այդպիսի ժողովուրդ կա», «Ժողովրդավարական Բուլղարիա» և «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունների պատգամավորները կանգնել են՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու համար:
«Բուլղարիան, որ խոսում է սպանությունների մասին պետք է ճանաչի ցեղասպանությունը՝ Ազգային ժողովի որոշմամբ կամ հայտարարությամբ, ինչպես դա արել են տասնյակ պետություններ»,- հավելել է «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունը:
«Ժողովրդավարական Բուլղարիա»-ն ևս հայտարարարել է, որ այդ սպանություններն իրենց համար ցեղասպանություն է: