ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ բուքմեյքերական կետերի գործունեության և այլ սահմանափակումներն էական ազդեցություն չեն ունենա Հայաստանի բյուջեի մուտքերի վրա:
Փոխնախարարի խոսքով՝ նախկինում ազդեցության գնահատականներ են տրվել նաև այլ ոլորտների՝ մրցակցության և այլ հարցերի վերաբերյալ, սակայն հիմա գործող օրենքի համաձայն` գնահատվում է ազդեցությունը միայն բյուջեի մուտքերի մասով, և դրանք լինելու են աննշան։ Փոխնախարարը կարծիք հայտնեց, որ սահմանափակումները գուցե նաև տնտեսական որոշ վարքագիծ փոխեն այդ խաղասրահներից օգտվողների շրջանում։
Բայց քանի որ այդ խաղասրահները ոչ թե առհասարակ արգելվում են, այլ թույլատրվում են միայն մի քանի քաղաքներում (Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի, Սևան), իսկ համացանցային տարբերակն էլ չի արգելվում, ապա բյուջեի մուտքերի վրա ազդեցությունը կլինի փոքր։
Քննարկման ընթացքում պատգամավոր Հայկ Սարգսյանն ընդգծեց, որ չնայած կողմ է խաղամոլության դեմ պայքարին, սակայն մեթոդների վերաբերյալ անհամաձայնություն ունի:
«Սա հարցը չի լուծում։ Հակառակը, հոնքը ուղղելու փոխարեն աչքն ենք հանելու այս նախագծով», – ասաց պատգամավորը՝ նշելով, որ եթե համացանցում, որտեղով կատարվում է խաղադրույքների մեծ մասը, սահմանափակում չի մտցվում, ապա բեթշոփերի (խաղադրույք կատարելու սրահների) արգելումը բերելու է բյուջեի «միլիարդների հասնող կորուստների», բայց չի լուծելու խնդիրը։ Սարգսյանն ասաց, որ դեմ է կոնկրետ այդ կարգավորմանը։
Սարգսյանը նաև նշեց, որ բեթշոփերում հիմա անչափահասները չեն կարող խաղադրույք անել, որովհետև անձնագիր պետք է ունենան ու նույնիսկ առանց դրա, հարևաններն ու բեթշոփերի աշխատակիցները թույլ չեն տա, իսկ համացանցում նրանք կկարողանան անել խաղադրույք, ինչպես և անում են հիմա։
Ալեն Սիմոնյանը, արձագանքելով նրա մեկնաբանությանը, նշեց, որ պետք չէ հույսը դնել հարևանների վրա, որ նրանք կասեն՝ ամո´թ քեզ, 14 տարեկանում խաղադրույք ես անում։ Նա պնդեց, որ եթե նախագիծն ընդունվի, ապա խաղադրույք կատարելու ցանկության դեպքում անձը պետք է ունենա բանկային հաշիվ, նույնականացվի ու միայն դրանից հետո կկարողանա խաղադրույք անել։