Kentrontv-ի հետ զրույցի ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը նշել է, որ առհասարակ որևէ ցուցմունք Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ քրեական գործով գոյություն չունի։
«Ի սկզբանե շոուն կազմակերպվեց՝ մի քանի հաղորդագրություններով։ Անձին հրապարակայնորեն մեղադրում են պետությանը հասցված խոշոր վնասների, ինչպես նաև հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության համար։ Գալիս են խուզարկության ընտրակաշառքի գործի հետ կապված ու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը վերաբերում է միայն ընտրակաշառքին, ուսումնասիրելով այդ նյութերը, մենք հստակ կարող ենք արձանագրել, որ այս գործերը շինծու են»,- ընդգծել է փաստաբանը։
Փաստաբան Խաչատրյանի խոսքով՝ բացի դրանից, որևէ կոնկրետ ապացույց ներկայացված միջնորդության մեջ չկա, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանը որևէ առնչություն ունի այդ ընտրակաշառքների կամ որևէ անձի հետ, որոնք գործով անցնում են որպես մեղադրյալ։
«Հատկանշական է այն, որ իշխանական բոլոր պատգամավորներն քրեական գործից այնպիսի նյութեր են հրապարակում, որոնք նույնիսկ մեզ հասու չեն եղել այս 2 օրվա ընթացքում»,- ասել է Էմին Խաչատրյանը։