Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (անընդունելի է համարում Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի պատասխանը Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների կոչին` դատապարտել Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի անհեթեթ խոսքերը, որ նա արտահայտվել է 2019 թ. ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը։
2019 թվականի մայիսի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ տարբեր խմբակցությունների պատգամավորները դիմել են արտգործ նախարարին` կոչ անելով դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը, որի դրսևորումն է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը թե «հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։
Իր ելույթում պատգամավոր Ջոել Վորդեվինդը (Քրիստոնեական միություն – CU) հիշեցրել է Ռաուվուտի բանաձևի մասին, որը դեռևս ուժի է, որտեղ խորհրդարանը միաձայն հանձնարարել է կառավարությանը Թուրքիայի հետ երկխոսության շրջանակում շարունակաբար և բացահայտորեն օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչումը։
2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից միաձայն ընդունված այս բանաձևը համարվում է խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին փաստաթուղթը: Այս բանաձևի դրույթները բազմիցս մեջբերվել են խորհրդարանում, երբ քննարկվել է մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում ընդհանրապես և Հայոց ցեղասպանության ժխտումը մասնավորապես։
Պատգամավորներ Մարտեյն Վան Հելվերտը (Քրիստոնյա դեմոկրատական Կոչ – CDA) և Կեես Վան Դեր Ստայը (Քաղաքական Բարեփոխված Կուսակցություն – SGP) նույնպես անդրադարձան այս հարցին և անհրաժեշտ համարեցին հոլանդական կողմի հակադարձ պատասխանը Թուրքիայի նախագահի չլսված հայտարարություններին։
Նախարար Բլոկը խուսափեց, իր խոսքով, «Հայոց ցեղասպանության խնդրին» առնչվող այդ հրատապ հարցերին ուղղակի պատասխան տալ, նշելով, որ նա սովորաբար չի ցանկանում արձագանքել տարբեր մարդկանց հնչեցրած խոսքերին։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կարծում է, որ նախարարի այս նվազեցնող արձագանքը վկայում է ծայրահեղ և վտանգավոր քաղաքական անսկզբունքայնության մասին։ Քննարկումների ժամանակ նախարարը ստիպված եղավ մի քանի անգամ հաշիվ տալ ոչ միայն Թուրքիայի հետ հարաբեությունները վերականգնելու, այլև ընդլայնելու միջոցների մասին, ինչպես նաև հոլանդացիների միամիտ հույսի մասին, որ առևրային հարաբերությունների զարգացմամբ հնարավոր կլինի Թուրքիայում բարելավել օրինականությունը։