Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 9-ին որոշում է կայացրել երկու տարով երկարաձգել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է ապրիլի 13-ին:
Երկրի իշխանություններն այդ միջոցներին են դիմել Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների կողմից առևանգված ճապոնացի քաղաքացիների հարցում որևէ առաջընթացի բացակայության պատճառով: Նաև Տոկիոյում նշում են, որ մոտ ժամանակներս հազիվ թե հաջողվի ԿԺԴՀ-ից հասնել լիակատար միջուկազերծման և տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռների ոչնչացման:
Ճապոնիան ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ է սահմանել 2006 թվականին Փհենյանի կողմից անցկացված միջուկային փորձարկումից հետո: Գլխավորապես դրանք վերաբերում են ապրանքների ներմուծմանն ու արտահանմանը և Ճապոնիայի նավահանգիստներ հյուսիսկորեական նավերի մուտքի արգելքին։