Քաղաքական թիվ մեկ կառույցում քաղաքական ուժն իր գործունեության համար մեկ այլ քաղաքական ուժի կողմից արժանացնել է քաղաքական գնահատականի: Այս մասին Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը:
«Այս շենքում ինչ կատարվում է, այդ ամենը քաղաքական է և դրանից պետք չէ բողոքել, պարզապես պետք է նկատի ունենալ, որ ցանկացած արարք ունենում է քաղաքական հետևանքներ»,-ասաց նա:
Անդրադառնալով Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագծի քննարկումներին՝ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ երբ քննարկվում էր նախագիծը, ինչ-որ պահից սկսված «Իմ քայլը» խմբակցության մերժումը հիմնավորված չէր իրավական հիմնավորումներով, այլ հիմնավորված էր քաղաքական արդարացումներով:
«Ազգային ժողովը գործադիրի նկատմամբ վերահսկողության ֆունկցիա ունի, իսկ ՏԻՄ-ը ամբողջ էությամբ գործադիր իշխանության մի մաս է, և նրան վերահսկելու իրավասություն ունի Ազգային ժողովը: Փաստացի դուք ասում էիք՝ եկեք, մեր քաղաքապետի կոռուպցիոն սխեմաների մեջ մի մտեք, մենք էլ վաղը, երբ դուք ունենաք քաղաքապետ, չենք մտնի: Չէ, սիրելիներս, կոռուպցիայի դեմ այդպես չեն պայքարում, միայն խոսքերով չի կարելի, է»,-ասաց նա:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ շատ լավ է, որ իշխանությունն ունի լեգիտիմություն, բայց այդ լեգիտիմությունը չպետք է բերի ամենաթողություն, որովհետև դա միշտ ունենում է վատ հետևանքներ:
«Մենք իննսունականների սկզբին դա տեսել ենք: Ասում եք՝ եթե պարոն Միրզոյանը չլինի, քաղաքական դեգրադացիայի կենթարկվենք, է, մի ենթարկվեք, եթե պետք է պարոն Միրզոյանը ձեզ զսպի, որ քաղաքական դեգրադացիայի չենթարկվեք, ուրեմն ցավում եմ ձեզ համար, սիրելիներս, և կարծում եմ, որ պարոն Միրզոյանը ձեր պաշտպանության կարիքը չունի»,-հավելեց նա: