fbpx
Սպորտ

Դրամա Չելսիում. Մուդրիկը դոպինգի համար կարող է 4 տարով որակազրկվել

Ուկրաինացի ֆուտբոլիստ Միխայլո Մուդրիկը, ով Լոնդոնի «Չելսիի» ամենաթանկարժեք տրանսֆերներից մեկն է, դրական արդյունք է տվել դոպինգ թեստի ժամանակ և կանգնած է չորս տարվա որակազրկման սպառնալիքի առաջ։ Ուկրաինական Tribuna լրատվականն է հաղորդել այս լուրը՝ նշելով, որ Մուդրիկը մելդոնիում (Mildronate) է օգտագործել, ինչը արգելված նյութ է։ Ֆուտբոլիստը նախատեսում է մոտ օրերին հանրային բացատրություն տալ, մինչդեռ իր Instagram-ի էջում արգելափակել է մեկնաբանությունների հնարավորությունը։

Դոպինգ թեստն իրականացվել է հոկտեմբերի վերջում։ Դրական արդյունք է ցույց տվել A նմուշը, սակայն վերջնական որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ B նմուշը նույնպես ուսումնասիրվի։ Այս գործընթացը մի քանի օր կտևի, և դրանից հետո կհստակեցվի, թե արդյոք Մուդրիկը կհայտնվի որակազրկման և ինչ տևողությամբ։

Հարկ է նշել, որ Մուդրիկը չի խաղացել դեկտեմբերի 1-ից՝ «Աստոն Վիլլայի» դեմ խաղից հետո։ Այդ օրվանից նա արդեն բաց է թողել չորս հանդիպում «Չելսիի» կազմում։

Սկզբնական շրջանում «Չելսի»-ն պաշտոնապես բացատրում էր, որ Մուդրիկը դեկտեմբերի 4-ին բաց է թողել «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպումը վիրուսային հիվանդության պատճառով։ Երկու օր անց թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտարարել էր, որ Մուդրիկի առողջական վիճակը չի բարելավվել․ «Ընդհանուր առմամբ, միայն Միշա Մուդրիկն է դեռ հիվանդ։ Թիմի մնացած անդամները առողջ են»։

Այդ ժամանակվանից ի վեր ակումբը հրապարակային ոչ մի հստակ տեղեկություն չի տվել ուկրաինացի ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին, մինչդեռ նա շարունակում է բաց թողնել հանդիպումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ