Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ժողովրդավարությունը կառավարման վատագույն ձևն է եթե չհաշվենք մնացած մեթոդները…..
Պատմության մեջ այս օրը 1874թ. նոյեմբերի 30-ին է ծնվել 20-րդ դարի ամենաուժեղ տղերքից մեկը Ուինսթոն Չերչիլը: Չերչիլը այն գործիչներից էր, ով հստակորեն զգուշացնում էր բրիտանական քաղաքական վերնախավին, որ Հիտլերը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի: Նա խստորեն քննադատում էր վարչապետ Չեմբեռլենի քաղաքականությունը: Չերչիլը հստակ գնահատական տվեց նաև հետպատերազմյան իրավիճակին՝ մասնավորապես 1946թ. մարտի 5-ին իր հայտնի Ֆուլթոնյան ճառում խոսելով կոմունիզմի վտանգների մասին: Չերչիլը նաև այն գործիչներից էր, ով հստակ գնահատական էր տվել Հայոց ցեղասպանությանը:
«1915թ. թուրքական ղեկավարությունը Փոքր Ասիայում բնակվող հայերի նկատմամբ անխնա սպանդի և աքսորի քաղաքականություն սկսեց իրականացնել: Մոտ 400 հազար հայեր փախչեցին դեպի ռուսական սահման և Պարսկաստան: Սակայն Փոքր Ասիան այնպես էր մաքրվել հայերից, որքան դա թույլ էր տալիս գործողությունը որը իրականացվում էր ամենալայն մաշտաբով: Մոտավոր հաշվարկով մոտ 1.4 միլիոն հայեր բռնաճնշումների ենթարկվեցին: Նրանց ջախջախիչ մեծամասնությունը սպանվեց: Որևէ կասկած չկա որ այդ հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նկատառումներով»: Չերչիլը խոսել էր նաև ցեղասպանության ժամանակ ռուսական գործոնի մասին:
«Երբ Թուրքիան հարձակվեց ռուսական Հայաստանի վրա, ցարական կառավարությունը վախենալով, որ Կովկասի հաջողված պաշտպանությունը կարող է բորբոքել հայ ժողովրդի ազգային նկրտումները, 150 հազար հայ զինվորների ուղարկեց լեհական և գալիցիական ռազմաճակատ: Այդ 150 հազարից շատ քչերը կարողացան ողջ մնալ եվրոպական ճակատամարտերում և պատերազմի վերջում վերադառնալ Կովկաս: Դա դաժան վերաբերմունք էր հայ ժողովրդի հանդեպ, սակայն ապագայում նրան ավելի մեծ արհավիրքներ էին սպասում»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2654373941278530&set=a.501083209940958&type=3