Հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:
«Նախագահն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին, և ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին:
«Ես այստեղ եմ՝ իմ հարգանքն ու բարեկամությունն արտահայտելու Չինաստանի ժողովրդի հանդեպ: Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Դեսպան Ֆան Յունը այցելության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին:
«Մենք բարձր ենք գնահատում, որ եկել եք շնորհավորելու մեր ազգային տոնը: Սա մեր բարեկամությունը փաստող օրինակներից մեկն է, և վկայում է այն մասին, որ Դուք կարևորում եք ամուր երկկողմ հարաբերություններ կառուցելու ջանքերը»,- նշել է դեսպանը:
- Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) ձերբակալվել է
- Մեծապես կարևորում ենք Չեխիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը. Արարատ Միրզոյան
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, խոսել համագործակցության խորացման հնարավորությունների մասին, ինչպես նաև՝ կարևորել երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացումն ու կապերի սերտացումը:
ՀՀ նախագահը նշել է, որ Չինաստանն իր զարգացման ճանապարհով ցույց է տվել, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ժողովուրդ, հիմնվելով իր ազգային առանձնահատկությունների, մշակույթի, ժառանգության, ավանդույթների վրա, պետք է գտնի զարգացման իր սեփական ուղին և քրտնաջան, կազմակերպված ու կարգապահ աշխատանքով փորձի հասնել հաջողության:
«Մեր երկրի համար այս բարդ փուլում մեզ համար ևս կարևոր է գտնել զարգացման ու հաջողության մեր սեփական ուղին՝ օգտագործելով մեր առավելությունները, օրինակ՝ սփյուռքի ներուժը և տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա:
Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ նախաձեռնության շրջանակում ակնկալվում է համագործակցություն նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների հետ: Նա նաև նշել է, որ ուրախ կլինի ավելի ընդգրկուն չինական ներկայություն տեսնել Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների և, մասնավորապես, առաջիկայում Դիլիջանում կայանալիք Մտքերի հայկական գագաթնաժողովին»,- ասված է հաղորդագրության մեջ։