ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Սե Ֆենը երեքշաբթի հանդիպել է Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Չինաստան-ԱՄՆ առեւտրատնտեսական հարաբերությունների եւ Ջ.Ռայմոնդոյի Չինաստան կատարելիք այցի շուրջ։
Սե Ֆենը նշել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ Չինաստանի քաղաքականությունը հետևողական բնույթ է կրում, հայտնում է Xinhua-ն։
«Մեր հիմնարար ուղեցույցը նախագահ Սի Ծինփինի ներկայացրած երեք սկզբունքներն են՝ փոխադարձ հարգանք, խաղաղ համակեցություն և փոխշահավետ համագործակցություն»,- ասել է դեսպանը։
Դիվանագետի խոսքով, այսօրվա աշխարհը լի է անորոշությամբ ու անկայունությամբ, համաշխարհային տնտեսությունը զուրկ է վերականգնվելու ուժից, անընդհատ նոր ճգնաժամեր են ծագում։ «Չինաստանը և Միացյալ Նահանգները ապրում են նույն մոլորակի վրա և նույն երկնքի տակ: Բոլորը նույն նավի մեջ են, ոչ ոք չի կարող միայն իր մասին հոգ տանել, առավել ևս վնասել ուրիշներին անձնական շահի համար»,- ընդգծել է Սե Ֆենը՝ հավելելով, որ միասնությունը միակ ճշմարիտ ուղին է»։
Դեսպանը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը երկրին հուզող առևտրատնտեսական խնդիրների վերաբերյալ և հորդորել է ամերիկյան կողմին հատուկ ուշադրություն դարձնել դրանց վրա և միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։
Սե Ֆենը կոչլ է արել ամերիկյան կողմին ընդառաջ գնալ Չինաստանին, երկարացնել «համագործակցության ցուցակը», կրճատել «բացասական ցուցակը» և համատեղ ջանքեր գործադրել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները կայունացնելու համար։
Երկու կողմերն էլ հանդիպումը համարել են խորը, գործնական և կառուցողական և պայմանավորվել են պահպանել շփումները։