fbpx
Առողջապահություն

Ի՞նչ տուգանք է նախատեսվում չպատվաստվելու կամ 14 օրը մեկ չթեստավորվելու դեպքում

Պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք` 10-ից 20 հազար դրամ ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-ից 120 հազար դրամի չափով տուգանք իրավաբանական անձանց նկատմամբ, տեղեկացնում է Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:

Նա մանրամասնում է` այսպիսի տուգանքի իրավական հիմքը սանիտարական նորմերը չպահպանելն է: Պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից:

«Որևէ մի պահանջի խախտման դեպքում, բնականաբար, արդեն տնտեսվարողը, այսինքն` գործատուն ենթարկվում է տուգանքի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ասում է, որ սանիտարական նորմերի չպահպանելն առաջացնում է տուգանքի որոշում ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց նկատմամբ», – նշում է նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ընդունում է` Աշխատանքային օրենսգրքում չկա որևէ կարգավորում, որևիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել: Միևնույն ժամանակ ավելացնում է` մշակվում է փոփոխությունների նախագիծ:

«Եթե դիտարկում ենք Աշխատանքային օրենսդրության կարգավորումների համատեքստում այս խնդիրը, չկա որևիցե կարգավորում, որևիցե պահանջ, որի արդյունքում օրինակ` գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները:

Այո, հրամանը կա, կան հրամանով հստակ նախատեսված ընթացակարգ և պահանջներ, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին, եթե օրինակ` աշխատողը չի թեստավորվել, ապա ազատել աշխատանքից: Սա հստակ պետք է ամրագրենք, և պետությունը` որպես գործատու, քանի որ կարող է նաև ինքն իր մասով ունենալ կարգավորումներ, նախագիծ է շրջանառել` Հանրային ծառայության մասին օրենքի նախագծի մասին է խոսքը, որով հստակ նախատեսում է այդ կարգավորումները, համաձայն որի` եթե աշխատողը չի թեստավորվում, նաև ժամանակ է նախատեսված նախագծով, օրինակ` 30 օր դրա արդյունքում աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է աշխատանքից ազատել», – ասաց նախարարության ներկայացուցիչը:

«Սա հստակ նախագծով նախատեսված է, այսինքն` եթե նախագիծն ընդունվի, նոր դրանից հետո կոնկրետ հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել` պահանջել, որ եթե չի ներկայացնում, ապա ազատվում է աշխատանքից», – հավելեց Ժորա Սարգսյանը:

Նյութը՝ Ազատություն ռադիոկայանի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ