fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը չպետք է լվանա ձեռքերը․ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև նախագահի ինստիտուտին։

«Այն, որ Հայաստանը բավարար արդյունավետությամբ չկարողացավ օգտագործել որպես գործիչ Արմեն Սարգսյանի տրամաչափն ու ներուժը, ինձ համար անկասկած է, անկախ դրան տրվող տարբեր գնահատականներից: Այն, որ մենք իբրև պետություն կամ հասարակություն պետք է փորձենք «բաց չթողնել» Սարգսյանին, ինձ համար ևս անկասկած է:

Ու կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն էլ չպետք է «նեղացածություն» դրսևորի և «լվանա ձեռքերը», առնվազն որովհետև Հայաստանը միայն քաղաքական իշխանությունը կամ քաղաքական ընդդիմությունը չէ:

Բայց, երբ նախագահի խորհրդանշական պաշտոնի առկայության պարագայում, խոսվում է այն մասին, թե Արմեն Սարգսյանի գնալով իշխանությունը դառնում է միաբևեռ, սա այլ բան չէ, քան պարզապես կամ քարոզչական նկատառում կամ իրադրության ոչ ամբողջական պատկերացում: Ինչպես կարող է բեվեռ դիտվել մի ինստիտուտ, որը բացարձակապես օժտված չէ այդպիսին լինելու համարժեք լիազորությամբ՝ ով էլ լինի նախագահ:

Ավելին, հենց այդտեղ է, որ առաջանում է լուրջ խնդիր, երբ խորհրդանշական ինստիտուտի ղեկին է հայտնվում մարդ, գործիչ, որը բազմապատիկ ավելին է իր տրամաչափով: Դա ճգնաժամահեն իրավիճակ է:

Ինչպես կարող են միևնույն ինստիտուտի՝ խորհրդարանի միջոցով ձևավորվող երկու մարմինները՝ կառավարություն և նախագահ, լինել միմյանց հակակշիռ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դե յուրե կառուցվածքի ներքո գործում է դե ֆակտո բոլորովին այլ կառուցվածքով և տրամաբանությամբ համակարգ:

Հետևաբար, Հայաստանում կառավարման համակարգում հակակշիռների հարցը պահանջում է սահմանադրական լուծումներ: Ինչպես են այդ առումով պատկերացումները, ինչ փոփոխություն պետք է լինի, ինչ մոդել պետք է լինի, սա արդեն կարևոր, բայց այլ հարց է», – գրել է Բադալյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ