Մայիսի 5-ին, ժամը 21:13-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 22 հասցեում՝ Գնունու շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհի բարդության ԲԻՍ-1 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ (երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են) և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա.Ի.), «BMW 525i» (վարորդ` Ն.Պ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Ս.Ս.) և «Chevrolet Niva» (վարորդ՝ Մ.Խ.) մակնիշների ավտոմեքենաները: «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան բախվել է Վարդանանց փողոցի թիվ 254 հասցեում գտնվող էլեկտրական սարքավորումների խանութ-կրպակին և էլեկտրական սյանը: Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 21:27-ին: Ամբողջությամբ այրվել են «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան, խանութ-կրպակի (4 քմ) գիպսաստվարաթղթե երեսպատումը՝ 1 քմ, էլեկտրական սյան վրա գտնվող վահանակում՝ 16 էլեկտրական հաշվիչ և 10 գմ էլեկտրական մալուխ:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։